Կարևորագույն խնդիրներից է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար ավարտում է կայացման փուլը և անցնում է իր ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման, մեր պետությունների կայուն տնտեսական աճի, մրցունակության ամրապնդման և միջազգային ասպարեզում իր տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման։ Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ավելանում է մեր գործողությունների սերտ համակարգումը մեծացնելու անհրաժեշտությունը»։

Վարչապետի կարևոր է համարում ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը՝ ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում։

«Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ են առաջանում, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային ապահովության վրա։ Այս առումով, կարծում եմ, որ Միության անդամ երկրները պետք է առաջին հերթին կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ օգտագործելով համախմբված և փոխընդունելի լուծումներ մշակելու ներուժը՝ նվազագույնի հասցնելով պարենային ապրանքների պակասուրդի հավանականությունը»,- ասել է նա։

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները միջկառավարական խորհրդի նիստին քննարկել և ընդունել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել