Ինքնասպանությունների կտրուկ աճ չկա. Արտակ Զաքարյանը սխալվում է

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը հունիսի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը:

«Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացիներ, իսկ 11 քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել»,- գրել է նա։

Զաքարյանի գրառումը հրապարակել են armday.am, livenews.am, mediahub.am լրատվական կայքերը։

Ինքնասպանությունների դինամիկան Հայաստանում

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, որոնք ստացվում են ոստիկանությունից, Հայաստանում ինքնասպանությունների թիվը վերջին տասնամյակում տատանվել է 150-ից 215-ի միջև։ Տարեկան միջինը կազմել է 186։

2011-ից այս կողմ ամենաշատ ինքնասպանությունները գրանցվել են 2012-ին՝ 214, իսկ ամենաքիչը 2019-ին՝ 153։

Զաքարյանի պնդումը սխալ է

Զաքարյանի պնդումը, թե Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը, անհիմն է։

Կոմիտեն ինքնասպանությունների վիճակագրությունը հրապարակում է վեցամսյա հաճախականությամբ, իսկ այս տարվա վեց ամիսների տվյալները դեռ չեն հրապարակվել, քանի որ դեռ չի վերջացել հունիս ամիսը։

Զաքարյանը որպես աղբյուր նշում է «ըստ հրապարակումների», որոնց հղում, սակայն, գրառման մեջ չկա։

Իսկ եթե հիմք ընդունենք Զաքարյանի նշած թիվը (30), առավել ևս չի աճել ինքնասպանությունների թիվը։ Վերջին երեք տարիներին՝ 2019, 2020, 2021, հունվար-հունիս ամիսներին, Հայաստանում գրանցվել է, համապատասխանաբար, 86, 87 և 88 ինքնասպանություն։

Այսինքն, նախորդ երեք տարիների հունվար-հունիս ամիսներին, Զաքարյանի թվի համեմատ, գրեթե երեք անգամ ավել ինքնասպանություն է գրանցվել։ Հետևաբար, խոսք չի կարող լինել ինքնասպանությունների կտրուկ աճի մասին։

CivilNetCheck-ը գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն՝ պարզելու այս տարվա ինքնասպանությունների թիվը՝ հունիսի 20-ի դրությամբ։ Պատասխան ստանալուն պես կանդրադառնանք ինքնասպանությունների վիճակագրությանն ավելի մանրամասն։

Մեկնաբանել