Ադրբեջանում հոգևոր հովիվը շարունակում է հացադուլը 

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի «Մուսուլմանների միասնության շարժման» նախագահ Թալեհ Բաղիրզադեն հունիսի 3-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իր կազմակերպության անդամների ձերբակալության և ենթադրյալ խոշտանգումների դեմ:

Բաղիրզադեն իրավապահներից պահանջում է ներողություն խնդրել, որոնք ըստ հաղորդումների վիրավորել են Աստծուն խմբի անդամին հարցաքննելիս։

Բաղիրզադեի փաստաբան Ֆախրադդին Մեհդիևը OC Media-ին ասել է, որ չնայած «առողջական լուրջ խնդիրներին»՝ իր պաշտպանյալը չի ​​դադարեցնի հացադուլը մինչև «հանցագործները չպատժվեն»։

Բաղիրզադեն դատապարտված է 20 տարվա ազատազրկման ատելություն սերմանելու և իշխանությունը տապալելու դավադրության մեղադրանքով: Նա ձերբակալվել է Բաքվի Նարդարան թաղամասում ոստիկանական կատաղի հարձակումներից հետո, որոնց ընթացքում յոթ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, սպանվել էր 2015-ին։

«Մուսուլմանների միասնության շարժման» անդամ Ռազի Աբասովը, որը մայիսի 20-ին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման թմրանյութերի շրջանառության մեղադրանքով, ասում է, որ ոստիկանները իրեն տանջելիս վիրավորել են Աստծուն:

Դատական նիստում խմբի ևս հինգ անդամ բանտարկվել է, որոնցից երեքը դատապարտվել են 30-օրյա ազատազրկման՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ Նրանք ևս պնդել են, որ ոստիկանությունում խոշտանգումների են ենթարկվել:

Եվս երեք կրոնական ակտիվիստ ձերբակալվել է հունիսի 18-ին Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Սումգայիթից՝ պատին գրաֆիտիներ անելու համար, որոնք կոչ էին անում պատժել Աստծուն վիրավորող ոստիկաններին:

Ակտիվիստներից Յասին Ահմադովը դատապարտվել է 10-օրյա կալանքի, սակայն դեռ պարզ չէ, թե որ հոդվածով է դատապարտվել։

Շարժման մեկ այլ անդամ Աբուլֆազ Բունյադովը Turan գործակալությանն ասել է, որ իրենք «հատուկ կամ անհնարին պահանջներ» չունեն։

«Մենք՝ հավատացյալներս, քաղաքական պահանջներ չունենք, բայց չենք հրաժարվի մեր հիմնարար իրավունքների պահանջից»,- ասել է նա։

«Մենք պարզապես չենք ընդունում, որ երկրում իրավապահները վիրավորեն Աստծուն։ Դրա համար մեր պետական ​​և իրավապահ մարմինները կարող են շատ պարզ ձևով միջոցներ ձեռնարկել և պատժել այդ արարքները կատարողներին»։

Նա նաև քննադատել է կառավարությանը՝ Բաղիրզադեի հացադուլի վերաբերյալ լռելու համար։

Իրավապահ մարմինները հերքել են, որ սպաները վիրավորել են Աստծուն, սակայն չեն մեկնաբանել ձերբակալությունները:

Մեկնաբանել