Եթե Վաշինգտոնն ու Փարիզը կարևորեին Մինսկի խմբի միջնորդների ձևաչափը, չէին անտեսի այն․ Զախարովա

Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությանը։

«Նրանք ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել․ «Երաշխիքներ չկան, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի»,- նշել է նա։

Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ «Ռուսական կողմը չի կարող թույլ տալ, որպեսզի արտաքին առանձին խաղացողների քայլերը վնասեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առանց այդ էլ ոչ հեշտ աշխատանքներին։ Հետագայում էլ կանենք մեզանից կախված ամեն ինչ՝ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»։

***

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

«ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը, և մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Հարցին՝ ԱՄՆ-ն պատրաստ է այս հարցում համագործակցել ՌԴ-ի հետ, Դոնֆրիդը պատասխանել է․ «Այո, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»։

Ապրիլին պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Դրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

Մեկնաբանել