Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում ինքը վետո կդնի «բոլոր օրենքների» վրա, որոնք երկիրը տանում են «սխալ ուղղությամբ»։ Նա արդեն վետո է դրել վիճահարույց [քրեական գործերով կասկածյալների գաղտնի] հսկողության օրինագծի վրա։ Սա նրա նախագահության առաջին վետոն է:
Զուրաբիշվիլին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ի երեկոյան։
«Այս օրերին Վրաստանում չի կարող ընդունվել օրենք, որը կսահմանափակի մարդու իրավունքները, երբ, ընդհակառակը, մեզ խնդրում են լինել ավելի ժողովրդավար և ավելի եվրոպացի»,- ասել է Վրաստանի նախագահը։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահական վետոյի չեղարկման համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների մեծամասնությունը, նույնքան ձայն, որն անհրաժեշտ է առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելու համար:
Խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, ով Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ է, որը խորհրդարանում մանդատների մեծամասնությունն ունի, ասել է, որ Զուրաբիշվիլիի վետոն հսկողության օրինագծի վրա կչեղարկվի:
«Այս փոփոխություններն այսօր ուղղակիորեն վերաբերում են Վրաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին։ Ուստի անհասկանալի է, թե այս դեպքում ինչու է կիրառվել վետոն»,- ասել է նա լրագրողներին։ «Մենք արդեն պաշտպանել ենք [օրինագիծը] և ընդունել այս փոփոխությունները խորհրդարանում, քանի որ կան համոզիչ փաստարկներ»։
«Հաջորդ նստաշրջանում, երբ թեման նորից բերվի խորհրդարան, մենք կքննարկենք այն և կրկին սատարելու որոշում կկայացնենք»։
Օրինագիծն ընդունվել է այս տարվա ապրիլին։ Այն ձգտում է ընդլայնել իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների լիազորությունները՝ քրեական գործերով կասկածյալներին անժամկետ հսկելու համար:
Օրինագիծը վրդովմունք է առաջացրել ժողովրդավարության դիտորդների և իրավապաշտպան կազմակերպությունների մոտ, որոնք պնդում են, որ փոփոխություններն անհարկի են և միջամտություն են մարդկանց անձնական կյանքին:
Քաղաքացիական իրավունքների պաշտպանության տասնմեկ կազմակերպություն, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը, Սոցիալական արդարադատության կենտրոնը և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, համատեղ հայտարարություն են տարածել՝ քննադատելով օրինագիծը՝ այն անվանելով «հետքայլ» 2014-ին ընդունված կանոնակարգերից:
Զուրաբիշվիլին բացատրել է, որ նախկինում վետոյի իրավունքը չօգտագործելու պատճառն այն ակնկալիքն էր, որ իր վետոն կչեղարկեն, ինչը վնասակար ազդեցություն կունենար նախագահի ինստիտուտի վրա: