USAID-ը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտա Հայաստանի կառավարությանը

Հայաստանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում են ստորագրել համագործակցության դրամաշնորհային նոր համաձայնագիր, որով ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրումը կազմելու է 120 միլիոն դոլար։

Հունիսի 23-ի կառավարության նիստում կառավարությունը որոշում է ընդունելու համաձայնություն տալ այս համաձայնագրի կնքմանը։ Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

120 միլիոն դոլարից 68,5 միլիոնը կուղղվի ժողովրդավարության խթանման համար, իսկ 51,4 միլիոնը՝ տնտեսական անվտանգության բարելավման համար։ «Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,-նշված է կառավարության հիմնավորումներում։