Ղարիբաշվիլին պախարակել է հակառակորդներին հօգուտ ԵՄ անդամակցության ցույցից հետո

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ ասելով, որ Վրաստանն արժանի է ԵՄ-ի թեկնածությանը և նսեմացրել է հակառակորդներին:

Չորեքշաբթի վարչապետի ելույթը հաջորդել էր Վրաստանի նորագույն պատմության ամենաբազմամարդ ցույցերից մեկին։ Երկուշաբթի 60 000 – 150 000 մարդ էր դուրս եկել փողոց՝ աջակցելու Վրաստանի ԵՄ անդամակցությանը:

Ուրբաթ ԵՄ-ն որոշում կկայացնի Վրաստանի անդամակցության դիմումի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել երկրին չտրամադրել թեկնածուի կարգավիճակ՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի դիմումները:

Խորհրդարանի աղմկոտ նիստի ժամանակ, որը մի քանի անգամ քաոսի վերածվեց, մի քանի ընդդիմադիր պատգամավորներ քիչ էր մնում՝ վտարվեին անվտանգության աշխատակիցների կողմից՝ վարչապետի վրա բղավելուց հետո:

Ղարիբաշվիլին նրանց վիրավորանքներով է պատասխանել՝ ասելով, որ Միացյալ ազգային շարժում կուսակցության Անա Ցիտլիձեն դավաճանների կուսակցությունից է: Մյուսներին, այդ թվում՝ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» պատգամավոր Տակո Չարկվիանիին և Միացյալ ազգային շարժում կուսակցության պատգամավոր Խատիա Դեկանոիձեին նա արձագանքեց՝ անվանելով «հիվանդ» և դեղորայքի կարիք ունեցող:

Ղարիբաշվիլին պնդում էր, որ Վրաստանին հնարավոր թեկնածուի կարգավիճակ չտրամադրելու պատասխանատվությունը կրում է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումը, որը, ըստ նրա, Բրյուսելում լոբբինգ է իրականացրել, որպեսզի Վրաստանի թեկնածությունը մերժվի:

Եվրախորհրդարանի Չեխիայի պատգամավոր Մարկետկա Գրեգորովան Թվիթերում արձագանքել է այս պնդմանը և վարչապետին մեղադրել ստելու մեջ։

«Ես հանդիպումների եմ եղել ընդդիմության հետ, և նրանք բոլորը մեզ գրեթե աղաչում էին թեկնածուի կարգավիճակ ստանալ։ Այնպես որ, մի՛ ստեք: Եկե՛ք Բրյուսել, և մենք կարող ենք զրուցել: Մի՛ եղեք խնդիրը, եղե՛ք լուծումը»,- գրել է նա։

Գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը, մինչդեռ, հայտարարել է, որ վարչապետի հետ հանդիպելու իր փորձերը անտեսվել են։

Ղարիբաշվիլին թվարկել է Վրացական երազանքի իշխանության ներքո մի շարք ենթադրյալ ձեռքբերումներ՝ պնդելով, որ Վրաստանն այժմ որոշ առումներով գերազանցում է նույնիսկ ԵՄ անդամ որոշ երկրների: Նա ծավալուն խոսքով նաև քննադատել է Միացյալ ազգային շարժման նախկին կառավարությանը։

Իր ելույթի ընթացքում Ղարիբաշվիլին բազմիցս գովաբանել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, որի ենթադրյալ ոչ պաշտոնական ազդեցությունը Վրաստանի քաղաքականության համար ԵՄ-ի համար դարձել է օրակարգային հարց:

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանի համար մի քանի պայմաններ առաջ քաշել՝ նախքան անդամակցության հայտի վերանայումը։ Դրանք ներառում են «ապաօլիգարխացման պարտավորություն»՝ վերացնելով շահերի չափազանց մեծ ազդեցությունը տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում», որը, ենթադրաբար, թիրախավորում է Իվանիշվիլիին:

Նա նաև ասել է, որ Իվանիշվիլիի՝ կառավարության վրա իշխանություն ունենալու պնդումը հավասարազոր է նրան, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրեն «օլիգարխիկ տիպի կառավարություն և ոչ պաշտոնական կառավարություն» ղեկավարելու մեջ, քանի որ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում աշխատում են Օբամայի նախկին խորհրդականներից մի քանիսը:

Մեկնաբանել