Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշմամբ դադարեցվեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Վարդազարյանի լիազորությունները կասեցված էին, այս որոշումից հետո` վերջնականապես դադարեցին ԲԴԽ-ում նրա ունեցած լիազորությունները:

Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմանը դեմ է քվեարկել ԲԴԽ միայն մեկ անդամ։

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին 2021-ի ապրիլի 15-ին։ Դրա համար հիմք էր հանդիսացել արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործը։

***

Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր ձայնագրություն, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ձայնագրությունում խոսվում է «հեռանալու դիմաց քրեական գործեր չհարուցելու» մասին։

Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021-ի փետրվարի 20-ին, երբ իրեն վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մինչև մարտի 1-ը ժամանակ է խնդրել․ «Մինչև այդ ժամկետը հրաժարական տալու դեպքում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ իմ նկատմամբ որևէ քրեական գործ չի լինելու»,- նշել է Վարդազարյանը։

Դատախազությունը հայտնել է, որ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով։

Մեկնաբանել