«Դիմադրության» անդամները հանդիպել են Արցախի քաղաքական ուժերի և պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և Արցախի պաշտոնաթող նախագահների հետ։

«ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, Արթուր Սարգսյանը և Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ»,- ասված է «Հայաստան» դաշինքի Ֆեսյբուքի էջում տեղադրված հայտարարությունում։

Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման ընթացքն ու առաջիկա անելիքները:

«Ընդգծվել է, որ «Դիմադրություն» շարժման՝ առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հակառակ Հայաստանի օրվա իշխանությունների՝ Արցախի Հանրապետության հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր և փոխայցելություններ»,- նշված է հայտարարությունում։

Հանդիպումների ժամանակ վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022-ի ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը։

Մեկնաբանել