Գնումների բողոքարկումը՝ այլևս միայն դատական կարգով. փոփոխության մտահոգությունների շուրջ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Պետական գնումների գործընթացում բողոքարկման համակարգը կարևոր և կոռուպցիոն դրսևորումների զսպան առումով էական մեխանիզմ է։

«Գնումների մասին» օրենքի՝ հունիսի 1-ին ուժի մտած փոփոխություններով այսուհետ գնումների հետ կապված բողոքները քննվելու են միայն դատական կարգով, ինչը նշանակում է գնումների բողոքարկման արտադատական համակարգի վերացում։

Մինչ այս բողոքները քննվում էին արտադատական՝ բողոքարկման խորհրդի կողմից, որի լիազորություններն ու կազմը սահմանված էին «Գնումների մասին» օրենքի 6-րդ բաժնում։

Փոփոխությունների հիմնական ուղղությունները

Փոփոխություններով՝ գնումների հետ կապված վեճերը քննվելու են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և լուծվելու են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում (նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 10 օրացուցային օրով):

Այսուհետ պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բողոք կարող են ներկայացնել միայն շահագրգիռ/ հայտ ներկայացրած անձինք, մինչդեռ մինչ այս բողոք ներկայացնելու հնարավորություն ուներ անձանց լայն շրջանակ: Ցանկացած՝ նույնիսկ տվյալ գնման ընթացակարգի շրջանակում բովանդակային առումով շահագրգռվածություն չունեցող անձ կարող էր բողոքարկել գնման ընթացակարգը և դրանով իսկ ձգձգել գործընթացները, այդ թվում՝ նաև դիտավորյալ:

Փոխվել է նաև հայցադիմումների ներկայացման համար պահանջվող դրույքաչափը։ Եթե նախկինում բողոքարկման վճարի չափը կազմում էր 30 000 դրամ՝ անկախ հիմքից, ապա ներկայում, կախված բողոքարկման առարկայից, տատանվում է 30 000 -10 000 000 դրամի շրջանակում։

Բացի այդ, այսուհետ մասնակցին գնումների սև ցուցակում ներառելու որոշումը փաստացի վերապահվում է պատվիրատուի ղեկավարին, մինչդեռ մինչ այս գործընթացը իրականացվել է բողոքները քննող անձանց կողմից՝ հաշվի առնելով նաև մասնակիցների ներկայացրած կարծիքը և փաստարկները: Այսպիսով ստացվում է, որ մասնակիցը ներառվելու է այս ցուցակում միայն մի կողմի ներկայացրած փաստարկների ներքո և կկարողանա բողոքարկել այդ որոշումը միայն դատական կարգով։

Փոփոխության հիմքերը

Ֆինանսների նախարարությունում գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը մանրամասնում է ընդունված փոփոխությունների հիմքերը։ Նշում է՝ տարեկան գնման 60 000 ընթացակարգի կազմակերպման պարագայում գրանցվում է մոտ 200 բողոք, որից մի մասը մրցույթին հայտ չներկայացրած, այսինքն՝ ոչ մասնակիցների կողմից, ինչը խնդիր է։

«Բողոքարկումն ինքնանպատակ չպետք է լինի, պետք է բողոք ներկայացվի, երբ կա բողոքելու հիմք։ Հետևաբար նման փոքրաթիվ քանակի բողոքների պարագայում չեմ կարծում, որ որևէ ռիսկ կամ խնդիր կառաջանա»,- նշում է գնումների քաղաքականության վարչության պետը։

Ինչ վերաբերում է տուրքերի դրույքաչափերի բարձրացմանը, ապա, ըստ Շահնազարյանի, մինչ այս գործող 30 000 դրամը բերում էր իրավունքի չարաշահման։ Ըստ նրա՝ նոր կարգավորումը երկար քննարկվել է, ընդունելի է համարվել նաև միջազգային գործընկերների կողմից։

«Օրինակ՝ առանց ֆինանսական միջոցների առկայության բողոքարկման տուրքի չափը 100 000 դրամ է այլևս։ Գումարով բողոքարկվող ընթացակարգերի ժամանակ գնման գնի մեկ տոկոս, բայց ոչ ավել 10 000 000 դրամից։ Այսինքն՝ այդ մեկ տոկոսը մեծ գումարը չէ, առավել ևս, որ պետության համար կնքվող պայմանագրերի 80 տոկոսը 25 մլն դրամը չի գերազանցում։ Շատ բարձր չէ»,- պնդում է Շահնազարյանը։

«Դատարանների ծանրաբեռնվածության հնարավոր ռիսկը հաշվի առնելով՝ երկու դատավոր է ավելացվել այդ դատարանում, որոնք լինելու են մասնագիտացված գնումների ոլորտում»,- նշում է Շահնազարյանը։

Քաղհասարակությունն ունի մտահոգություններ

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակում իրականացվել էր պետգնումների բողոքարկման համակարգի մշտադիտարկում, ինչպես նաև անդրադարձ էր կատարվել փոփոխություններին։ Զեկույցում նշվում է, որ թեև օրենսդրական փոփոխությունները միտված են ինստիտուցիոնալ և կիրառելիության տեսակետից բողոքարկման արդյունավետ համակարգ ունենալուն, սակայն արտադատական համակարգից ընդհանրապես հրաժարվելու գաղափարը պարունակում է որոշակի ռիսկեր:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում աշխարհում իրավական համակարգում օրեցօր զարգանում և վեճերի լուծման առավել նախընտրելի եղանակ են դառնում արբիտրաժային դատարանները և հաշտարարները, առաջարկվում է, որ առնվազն գնումների սև ցուցակում ներառելու ընթացակարգերի մասով ընդունված փոփոխությունը վերանայվի և դիտարկվի արտադատական ինստիտուտների հնարավորություններն օգտագործելու այլընտրանքը»,- նշում են փորձագետները՝ հավելելով, որ դա կարող է իրականացվել ոչ միայն նոր անկախ արտադատական կառույց ստեղծելու, այլև ՀՀ-ում գործող համապատասխան կառույցների (օրինակ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և այլն) ներուժն օգտագործելու միջոցով:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար ՛Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ արդեն ուժի մեջ մտած փոփոխությունն ունի և’ դրական, և՛ բացասական կողմեր։

Նշում է, որ ի սկզբանե, երբ փոփոխությունները քննարկվում էին, մեծ ընդդիմախոսություն և մտահոգություն կար, որ դրանք կարող են բերել լուրջ հետևանքների, այսինքն՝ ավելի քիչ դիմեն, բողոքարկեն։

«Գիտեք՝ դատարան դիմելը շատ դեպքերում դիտվում է քաշքշուկ, տուրքերի ավելացումը ևս կարող է խոչընդոտ լինել։ Խնդիր էր նաև մասնագիտացված դատավորների բացակայությունը, ինչը, սակայն, լուծվեց ավելի ուշ, երկու դատավոր ավելացվեց մասնագիտացան գնումների ոլորտում»,- պարզաբանում է Հոկտանյանը։

Ինչ վերաբերում է դրույքաչափերին, Հոկտանյանը նշում է, որ բարձրացումը հնարավոր է ազդեցություն ունենա հատկապես փոքր բիզնեսի վրա, որոնք խուսափեն բորոքարկելուց։

«Ֆինանսների նախարարության հիմնական փաստարկը այն է, երբ բողոքը քննում էր խորհուրդը, մեծ թիվ էին կազմում կեղծ բողոքողները։ Օրինակ՝ մասնակիցներից մեկին ասում էին՝ եթե ուզում ես տենդերը շահել, ինձ այսքան գումար տուր, թե չէ կբողոքարկեմ և այլն։ Իսկ դատական համակարգով հնարավոր կլինի փոխել իրավիճակը»,- մանրամասնում է Հոկտանյանը։

Թրանսփարենսին հունիսի 1-ից սկսել է իրականացնել մշտադիտարկում՝ հասկանալու, թե փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա բողոքարկման գործընթացի վրա։

«Կողմ չեմ բողոքները միայն դատական կարգով քննելուն, սակայն քանի որ պետական մարմինները բերում են հակափաստարկներ, ստուգենք։ Կարող է փաստարկները ճիշտ դուրս գան և պարզվի որ, օրինակ, այդ կեղծ դիմողներն այնքան շատ էին, որ բողոքողների թիվը շատ նվազի ու միայն իրական դիմողներ մնան»,- ասում է Հոկտանյանը՝ հավելելով, որ մյուս կողմից, եթե դիմողների թվում էական փոփոխություններր չլինեն, ապա պարզ կլինի, որ պետական մարմինների փաստարկներն ուռճացված էին։

Հոկտանյանը տեղեկացրեց, որ արդեն տարվա վերջին կամփոփեն առաջին արդյունքները։

Մեկնաբանել