ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Դեսպանը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատում է իր օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին:

«Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական կապերի խորացման հեռանկարները: Դեսպանը հիշատակել է ՓՄՁ, էներգետիկայի, ջրային տնտեսության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանն անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային զարգացումներին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակի շուրջ:

«Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ՀՀ կառավարության հռչակած խաղաղության օրակարգի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց վերադարձի, ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության խնդիրներին։ ՀՀ վարչապետը կարևորել է առաջադեմ միջազգային հանրության հասցեական արձագանքը հումանիտար և անվտանգային խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վիկտոր Ռիխտերը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

***

Հունիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի նստաշրջանի ժամանակ իր բացման ելույթում ասել է, որ Եվրամիության հովանու ներքո ացնկացված հանդիպմանը բանավոր պայմանավորվածություն է եղել չբարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն Հայաստանի կառավարությունը այն օրակարգում է պահում, ինչը ըստ նրա՝ անհեռանկարային և շատ վտանգավոր է Հայաստանի համար:

Մեկնաբանել