ԿԳՄՍՆ-ն առաջարկում է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության վարչությունից։

Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։

«Նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։ Նշված դրույթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թ. սեպտեմբերից՝ հաշվի առնելով ՀՀ-ում նոր չափորոշիչն ամբողջությամբ ներդնելու, ինչպես նաև կիրարկումն ապահովելու համար նախանշված ժամկետները: Մինչ այդ առաջիկա մի քանի տարիները կօգտագործվեն դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների՝ իրավիճակային կարգավորումները պլանավորելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Գործող կարգով ուսումնական հաստատություններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 35, սակայն ըստ գերատեսչության՝ լինում են դեպքեր, երբ դասարանում աշակերտների թիվը գերազանցում է նույնիսկ 35-ը։

ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնար է։

«Ներկայացվող կարգավորումները պայմանավորված են դասարանների կոմպլեկտավորման սկզբունքները ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորմերին համապատասխանեցնելու, ինչպես նաև փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում արդյունավետ և որակյալ կրթություն կազմակերպելու անհրաժեշտությամբ: Նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց՝ կկարգավորվի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել