ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրովը՝ Բաքվում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ հունիսի 24-ին, Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։

«Հետպատերազմական կարգավորման գործընթացները, իհարկե, քննարկել ենք։ Եվ այդ նոր գործընթացների հիմքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ երեք եռակողմ հայտարարությունները՝ որպես «առկա հարցերի լուծման ուղղությամբ առաջ շարժվելու» հիմք ընդունեմ են բոլորը, այդ թվում՝ «եվրոպացի գործընկերները»։

«2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերին գետնի վրա իրադարձությունները հետևում թողեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք երկար տարիներ քննարկվում էին (Մինսկի խմբի ձևաչափով – խմբ․)՝ առանց տեսանելի արդյունքների։ Դա ուղղակի օբյեկտիվ իրականությունն է»,- նշել է Սերգեյ Լավրովը։

***

2021-ի ապրիլին պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Դրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

«ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը, և մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Հարցին՝ ԱՄՆ-ն պատրաստ է այս հարցում համագործակցել ՌԴ-ի հետ, Դոնֆրիդը պատասխանել էր․ «Այո, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությանն արձագանքել էր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ «եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը»։

«Նրանք ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանել