Զորամասի հրամանատարը մեղադրվում է 2,5 մլն դրամի բենզինի և դիզվառելիքի հափշտակության համար

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել իրեն վստահված գույքի պահպանության և ճիշտ օգտագործման համար, փոխարենը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2021-ի հունվարից մինչև 2022-ի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից ապօրինաբար դուրս է բերել և յուրացրել փաստացի իրեն վստահված 1,4 մլն դրամ արժողությամբ 4 515 լիտր ավտոբենզինի և 1 մլն դրամ արժողությամբ 3 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ: Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ պետությանը պատճառելով ընդհանուր 2,4 դրամի գույքային վնաս»,- ասված է հաղորդագրությունում։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հրամանատարն իրեն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

«Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել