ԵՄ-ն մերժեց Վրաստանի թեկնածուի կարգավիճակը

ԵՄ Վրաստան ցույց Թբիլիսի

OC Media

Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Եվրամիությունը մերժել է Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության թեկնածուի դիմումները։

Հինգշաբթի կայացած հանդիպմանը Եվրամիության խորհուրդը որոշեց հետևել Եվրահանձնաժողովի առաջարկություններին՝ Վրաստանին տրամադրելու պայմանների ցանկը, որը պետք է վերջինս բավարարի՝ նախքան դիմումի վերանայումը: Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան բոլորն էլ ԵՄ անդամակցության հայտ էին ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո:

Սպասվում էր, որ երեք երկրները դեռ մի քանի տարի չեն դիմի, սակայն [Ռուսաստանի՝ Ուկրաինա] ներխուժումը Եվրոպայում նոր քաղաքական կամք ձևավորեց գործընթացը արագացնելու համար։ Վրաստանը, որը ժամանակին դիտվում էր որպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամության գլխավոր թեկնածու, վերջին տարիներին ենթարկվում է Բրյուսելի աճող ճնշմանը` ժողովրդավարության հետընթացի պատճառով, այդ թվում՝ քաղաքական հարաճուն բևեռացման, դատական անկախության և լրատվամիջոցների ազատության բացակայության, ինչպես նաև կառավարության վրա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական ազդեցության համար։

Ելույթ ունենալով հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում՝ Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է սերտորեն աշխատել Վրաստանի իշխանությունների և ժողովրդի հետ՝ «ճիշտ ուղղությամբ շարժվելու համար»:

«Եթե Վրաստանի ներքաղաքական լանդշաֆտում կա քաղաքական կամք, ապա հնարավոր կլինի հսկայական առաջընթաց գրանցել, քանի որ նրանք հստակ գիտեն` ինչ է անհրաժեշտ ճիշտ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»,- ասել է նա։

Չնայած Վրաստանին լուսանցք են մղել, իսկ Մոլդովային ու Ուկրաինային ընդառաջել, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է այն, ինչ ԵՄ-ն անվանել է «Վրաստանի եվրոպական հեռանկարը»՝ այն կոչելով «պատմական օր» երկրի համար ։

«Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր առաջնահերթությունները, որպեսզի շուտով ստանանք թեկնածուի կարգավիճակ»,- գրել է նա Թվիթերում և շնորհավորել Մոլդովային ու Ուկրաինային՝ թեկնածուի կարգավիճակ անմիջապես ստանալու կապակցությամբ։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես այն անվանել է պատմական օր։ «Այժմ մենք պատրաստ ենք վճռականորեն աշխատել հաջորդ ամիսների ընթացքում՝ հասնելու թեկնածուի կարգավիճակին», – գրել է նա թվիթերյան իր էջում: Չորեքշաբթի երեկոյան նախագահը խոստացել է վետո դնել կառավարության կողմից ներկայացված բոլոր օրինագծերի վրա, որոնք երկիրը կտանեն «սխալ ուղղությամբ»՝ միաժամանակ անմիջապես վետո դնելով վիճահարույց հսկողության օրենքի վրա:

Կարդացեք ավելին՝ Ղարիբաշվիլին պախարակել է հակառակորդներին հօգուտ ԵՄ անդամակցության ցույցից հետո

ԵՄ Խորհրդի մամուլի ասուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ուղղակիորեն դիմել է վրաց ժողովրդին․ «Ձեր ունեցած հսկայական ցանկությունը և դեպի Եվրամիություն տենչանքը շարժիչ ուժն է դեպի Եվրամիություն»։

Անցած շաբաթ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո տասնյակ հազարավոր վրաստանցիներ դուրս էին եկել փողոց՝ երկրի նորագույն պատմության մեջ ամենախոշոր ցույցին:

Եվրախորհրդի որոշման հրապարակումից հետո մի խումբ հայտնի ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության խմբեր հրավիրեցին մամուլի ճեպազրույց, որում կոչ արեցին ուրբաթ, ժամը 20:00-ին ներկա գտնվել խորհրդարանի դիմաց հերթական ցույցին, որտեղ էլ կհայտարարեն իրենց պահանջների և ապագա ծրագրերի մասին:

Երկուշաբթի՝ նախորդ ցույցի ժամանակ, ցուցարարների առաջնորդները խոստացել էին քաղաքացիական անհնազանդության արշավ իրականացնել, եթե կառավարությունը չկատարի իրենց պահանջները: Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ափսոսանք է հայտնել ԵՄ Խորհրդի որոշման կապակցությամբ։ «Որքա՞ն եք լացել այսօր»,- հարցրել է նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ:

«Վաղվանից մինչև տարեվերջ ամեն օրը պայքար է յուրաքանչյուրիս համար՝ ըստ մեր մանդատի և հնարավորությունների,- գրել է նա։- Վրաստանը պետք է տարեվերջին ստանա [թեկնածուի] կարգավիճակ։ Ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ փրկություն չկա»։

Մեկնաբանել