Քաղաքական ճգնաժամ՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում

erbil Տեսարան Էրբիլից

Վիգէն Չըթըրեան

Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում կամ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում քաղաքական խորացող ճգնաժամ է: Լուրերին հեռվից հետևելով` կարելի է տագնապել, որ ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից, վախենալ, որ ճգնաժամը կարող է ևս մեկ անգամ նույնիսկ վերածվել միջքրդական հակամարտության: Ինչպիսի՞ն է իրավիճակը տեղում։

Քրդական տարածաշրջանային կառավարության երկու խոշոր քաղաքական կուսակցությունների՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության միջև քաղաքական ճգնաժամը շարունակվում է։ Այս հակամարտության ամենաակնառու կողմը Իրաքի նախագահի պաշտոնի թեկնածուի շուրջ այս երկու ուժերի միջև առկա անհամաձայնությունն է։ Թեև Քուրդիստանի հայրենասիրական միությունը առաջարկել է գործող նախագահ Բարհամ Սալիհին, Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը վիճարկել է այն՝ ուղարկելով սեփական թեկնածու Ռեբար Ահմադին: Խորհրդարանում քվեարկության երկու փորձերի ժամանակ հնարավոր չի եղել անհրաժեշտ քվորում ապահովել։

2005-ի Սահմանադրության ընդունումից հետո Իրաքի նախագահի պաշտոնը վերապահվել է քուրդ քաղաքական գործչի, իսկ ավելի ստույգ՝ Քուրդիստանի հայրենասիրական միության թեկնածուին։ Առաջինը այդ պաշտոնը զբաղեցրել է Քուրդիստանի հայրենասիրական միության հանգուցյալ հիմնադիր և պատմական առաջնորդ Ջալալ Թալաբանին։ Փոխարենը, Թալաբանիի և Մասուդ Բարզանիի միջև ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահի պաշտոնը թողնվել է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությանը։ Այժմ քրդական երկու կուսակցությունների միջև հակամարտությունը դուրս է եկել իր սահմաններից և կաթվածահար է անում քաղաքական ինստիտուտները ամբողջ Իրաքում, ներառյալ նոր կառավարության ձևավորման գործընթացը:

«Կա մեկ բան, որ Քուրդիստանի հայրենասիրական միությունը պետք է գիտակցի․ նրանք չեն ներկայացնում Քուրդիստանի կեսը,- ասում է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության քաղբյուրոյի անդամ և կուսակցության խոսնակ Մահմուդ Մոհամմադը։- Նրանք ներկայացնում են միայն այն ձայները, որոնք ստացել են վերջին ընտրություններում»։ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ին, երբ 111 տեղանոց խորհրդարանում Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունն ստացավ 45, իսկ Քուրդիստանի հայրենասիրական միությունը՝ 21 մանդատ։ «Ինչ վերաբերում է որոշումների կայացմանը և հաստիքների բաշխմանը, ապա նրանք ուզում են, որ 50-50 համամասնությամբ լինի»,- ասում է նա։

Դարբազ Ռասուլը Քուրդիստանի հայրենասիրական միության առաջատար դեմքերից է, Փեշմերգայի հանրահայտ գեներալ Քոսրաթ Ռասուլի որդին է։ 1991-ին Սադամ Հուսեյնի դեմ ապստամբության ժամանակ Ռասուլը ղեկավարել է պարտիզանական ուժերը Էրբիլը և Քիրքուկը գրավելիս։ Քուրդիստանի հայրենասիրական միություն – Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն հակամարտության մասին Դարբազ Ռասուլն ասում է. «Նրանք չեն իրականացնում մեր ձեռք բերած պայմանավորվածությունները։ Փեշմերգայի սերունդը փոխարինվում է առաջնորդների նոր սերնդով, բայց Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը դեռ հին սերնդի վերահսկողության տակ է»։ «Ընտանիքը կարևոր է ամենուր, բայց առանց ուժեղ ինստիտուտների չես կարող երկիրը ղեկավարել»,- հավելում է նա:

Այնուամենայնիվ, Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա, որը չցանկացավ՝ իր անունը նշվի, ասաց. «Քուրդիստանի հայրենասիրական միությանն անկյուն մղելու դեպքում ստատուս քվոն կասկածի տակ կդրվի, և ոչ ոք դրանում շահագրգռված չէ»:

Թեև Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը գերիշխող դիրքեր ունի Էրբիլում և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում, Քուրդիստանի հայրենասիրական միությունը ուժեղ դաշնակիցներ ունի Բաղդադում: Քուրդիստանի հայրենասիրական միության առաջնորդների հետ քննարկումներում տպավորություն է ստեղծվում, որ նրանց քաղաքական տեսադաշտն ավելի լայն է, քան քրդական սահմանափակ քաղաքականությունը, և կարող է ներառել ուժերի հավասարակշռությունը Բաղդադում: «Քրդերի մասնակցությունը Իրաքի առանցքային կառույցներում 20 տոկոս է»,- ինձ հիշեցնում է Սաադի Ահմադ Փիրեն՝ Քուրդիստանի հայրենասիրական միության պատմական առաջնորդներից մեկը: Նա նաև գանգատվում է, որ իրաքյան պետական ինստիտուտներն այնքան են թուլացել, որ «Իրաքը հասել է ոչ պետականության վիճակի»։

Լարվածություն Քրդական աշխատավորական կուսակցության հետ

Կարո՞ղ է արդյոք Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության միջև քաղաքական լարվածությունը ավելի լրջանալ: Այս մտավախությունը կա՝ հաշվի առնելով 1990-ականների միջքրդական քաղաքացիական պատերազմը։

Այնուամենայնիվ, այսօր քուրդ առաջնորդները հերքում են, որ նման ռիսկ գոյություն ունի: «Մենք չենք կարող կրկնել նույն սխալը»,- ասում է Սաադի Ահմադ Փիրեհը: Նույն կարծիքն է հայտնում Մահմուդ Մոհամմադը. «Այսօր մենք սոցիալական և քաղաքական նույն իրավիճակում չենք։ Մենք այն իրավիճակում չենք, որ կռիվ լինի»։

Այնուամենայնիվ, Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության միջև լարվածությունը մտահոգության միակ աղբյուրը չէ: Այս ընթացքում լարվածությունն աճել է, նույնիսկ մտավախություն կա, որ լայնածավալ մարտեր կսկսվեն Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության Փեշմերգայի և Քրդական աշխատավորական կուսակցության պարտիզանների միջև: Այսպիսի մտավախություն առաջացավ հատկապես 2021-ի հունիսին տեղի ունեցած բախումներից հետո, որոնց հետևանքով երկու կողմերն էլ զոհեր ունեցան։

Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քրդական աշխատավորական կուսակցության միջև լարվածությունը բացասաբար է ազդել Իրաքյան Քուրդիստանի կառավարության և Սիրիայում քրդերի գլխավորած միավորի հարաբերությունների վրա, որը պաշտոնապես հայտնի է որպես Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմ։ Սեմալկայի սահմանային անցակետը, որը Տիգրիս գետի վրա գտնվող պոնտոնային (լողացող) կամուրջ է, մի քանի ամիս փակ է եղել և այժմ բաց է շաբաթը միայն երեք օր, այն էլ միայն հատուկ թույլտվություն ունեցող անձանց համար (օտարերկրյա բուժաշխատողներ, առողջական պատճառներ ունեցողներ և այլն):

«Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիային պատրվակներ է տալիս Իրաք, Սիրիա ներխուժելու համար»,- ասում է Նիյազ Բարզանին՝ Քրդական տարածաշրջանային կառավարության նախագահի արտաքին քաղաքականության և դիվանագիտության բաժնի ղեկավարը: Այս կարծիքին են նաև Քրդական տարածաշրջանային կառավարության շատ այլ քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ Թուրքիայի ռազմական ոլորտը ի դեմս Քրդական աշխատավորական կուսակցության «հարմար թշնամի» է գտել, որպեսզի արդարացնի իր պատժիչ քաղաքականությունը և ռազմական ոլորտում արվող հսկայական ներդրումները այն դեպքում, երբ Թուրքիայի տնտեսությունը ճգնաժամի պայմաններում է։

Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քրդական աշխատավորական կուսակցության միջև լարվածությունը Քուրդիստանի տարածքում Թուրքիայի ռազմական շարունակական արշավների արդյունք է։ 2015-ից ի վեր, երբ թուրքական կառավարության և Քրդական աշխատավորական կուսակցության միջև հրադադարի պայմանավորվածությունը տապալվեց՝ հարուցելով բռնության նոր փուլ, թուրքական զինուժին հաջողվեց քուրդ պարտիզաններին դուրս մղել խոշոր քաղաքներից՝ հաճախ ամբողջական քաղաքային տարածքների ոչնչացման գնով, ինչպիսին Դիարբեքիրն է։ Այսօր Թուրքիայի ներսում ռազմական խոշոր գործողություններ նախաձեռնելու Քրդական աշխատավորական կուսակցության կարողությունը զգալիորեն նվազել է։ Ռազմական որոշ փորձագետներ նույնիսկ ասում են, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը դուրս է մղվել Թուրքիայից։

Չնայած թուրքական վերջին ռազմական հաջողություններին, սա ո՛չ Քրդական աշխատավորական կուսակցության ավարտն է որպես կազմակերպություն, ո՛չ էլ Թուրքիայի ներսում քրդական հարցի ավարտը։ Քրդական աշխատավորական կուսակցությունը վաղուց ռազմակայաններ է հիմնել Թուրքիայի սահմաններից դուրս, հատկապես Հյուսիսային Իրաքում։ Քրդական աշխատավորական կուսակցության ներկայությունը նույնիսկ մեծացել է 2014-ից հետո, երբ կուսակցության մարտիկները առանցքային դեր խաղացին եզդի խաղաղ բնակիչներին պաշտպանելու գործում, որոնց սպառնում էր ոչնչացնել ԴԱԻՇ-ը: Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող քուրդ պարտիզանները նույնպես ուժեղ ներկայություն են հաստատել Սիրիայի հյուսիս-արևելքում: «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր» կազմակերպությունը, որը կապված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ, այսօր մոտ 70 000 մարտիկ ունի և ռազմական սերտ դաշինք է ստեղծել ԴԱԻՇ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ:

2022-ի հունվարին Հասաքայի բանտի վրա (այստեղ պահվում են ոչ միայն ԴԱԻՇ-ի նախկին մարտիկներ, այլև երեխաներ) ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով 154 մարդ սպանվեց «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր»-ից, ևս մի քանի հարյուր սպանվածներ կային հարձակվողների և բանտարկյալների մեջ։ Սա ևս մեկ անգամ հիշեցրեց ԱՄՆ-ի համար «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր»-ի կարևորության մասին: Վաշինգտոնում շատերը վախենում են, որ ցանկացած գործողություն, որը կհանգեցնի «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր»-ի թուլացմանը, կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսում և արևելքում ԴԱԻՇ-ի կամ արմատական ​​իսլամիստական​ այլ խմբավորումների վերածննդին: Սա ԱՄՆ ռազմական ներկայության պահպանման հիմնական պատճառն է, և Վաշինգտոնը դեմ է Սիրիայում թուրքական ռազմական ցանկացած նոր գործողության:

Թեև Վաշինգտոնը Սիրիայում դեռ ունի «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր»-ի կարիքը և պահպանում է իր ռազմական համագործակցությունը քրդական ուժերի հետ, սա սահմանափակ ռազմական դաշինք է: Քաղաքական առումով պարզ չէ, թե Բայդենի վարչակազմը ինչ է ուզում Սիրիայում, այդ թվում՝ նրա հյուսիսարևելյան հատվածում։ Թեև ամերիկացի դիվանագետները փորձում են «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր»-ի ղեկավարությանը համոզել խզել կապերը Քրդական աշխատավորական կուսակցության ռազմական ղեկավարության հետ, նրանց ջանքերը առայժմ ձախողվել են:

Թե՛ Քրդական տարածաշրջանային կառավարությունում, թե՛ հյուսիսարևելյան Սիրիայում երկարաժամկետ կտրվածքով իրավիճակի կայունացման հեռանկար չկա: Ո՛չ քրդական դերակատարները, ո՛չ էլ արտաքին ուժերը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, չունեն նվազագույն տեսլական, թե ինչպես կայունացնել տարածաշրջանը և սկսել լուծել դրա հսկայական խնդիրները: Այս կորսված ժամանակահատվածում Մերձավոր Արևելքի «փոքր պատերազմները» շարունակվելու են իներցիայով՝ որպես տեղական և մեծ ուժերի քաղաքականության միակ հավակնություն։

Վիգէն Չըթըրեանը պատմություն և միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի համալսարանում և Ժնևի Վեբսթեր համալսարանում։ Չըթըրեանը բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։