Լրատվամիջոցները Փաշինյանին կոչ են անում վերադառնալ «ազատ շփման գործելաոճին»

reporters media journalists

Մի խումբ լրատվամիջոցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման գործելաոճին։

Փաշինյանն այսօր գրել է, որ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Վարչապետին ուղղված լրատվամիջոցների կոչում, որին միացել են «Առավոտ» օրաթերթը, «Ա1+» հեռուստաընկերությունը, «Ինֆոքոմը», «Մեդիալաբը», «ՍիվիլՆեթը», «Փաստերի ստուգման հարթակը», «Ազատություն» ռադիոկայանը և «Գալա» հեռուստաընկերությունը, ասվում է․

«Նախորդ ուրբաթ «Հայկակակ Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ «Ինչպես նախորդ առցանց ասուլիսների ժամանակ, այս անգամ ևս լրատվամիջոցների՝ նախապես ուղարկած հարցերը ուղիղ եթերում կհնչեցնի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը», – նշվում էր թերթի հայտարարության մեջ։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը մասամբ հաստատեց թերթի «տեղեկությունները»՝ հայտարարելով, որ հունիսի 27-ին վարչապետը հարցերին կպատասխանի ֆեյսբուքյան էջի եթերում։

Նման ձևաչափով վարչապետի «ասուլիսներ» նախկինում տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022 թվականի հունվարի 24-ին։ Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգներ, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։

Արդյունքում ըստ էության սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։

Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային սկզբունքներին։

Հորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման գործելաոճին, մանավանդ, որ կորոնավիրուսային համավարակի սահմանափակումները ներկայում այլևս արդիական չեն»։

Հայտարարությունում նշվում է, որ այն բաց է ստորագրման համար։ Կոչին միացած լրատվամիջոցները չեն սահմանափակել հարց ուղղելու հնարավորությունը։

Մի խումբ այլ լրատվամիջոցներ էլ բոյկոտել են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը՝ հրաժարվելով հարցեր ուղարկել նրան և կոչ անելով վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին: Հայտարարությունը ստորագրել են լրատվամիջոցների երեք տասնյակ ղեկավարներ ու խմբագիրներ, այդ թվում՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության, «Առավոտ» օրաթերթի, «168 ժամ» թերթի, «Aravot.am» կայքի, «Հրապարակ» օրաթերթի, NEWS.am-ի․․․

Մեկնաբանել