Քարաթափման վտանգի և ճանապարհի վնասման պատճառով Լարսը փակ է

Լուսանկարը՝ «Ալիք մեդիա»-ի Ֆեյսբուքի էջից։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունն էլ տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով նաև վնասվել է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը։

«Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է դեսպանության հայտարարությունում։