Իրանի քաղաքացին «Հայփոստ»-ի միջոցով փորձել է 3 կգ «ափիոն» ուղարկել Ավստրալիա

Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք։

«2022-ի հունիսի 20-ին Իրանի քաղաքացու կողմից «Հայփոստ» ընկերությանը հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունից հայտնում են, որ նույն օրը Իրանի քաղաքացին հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։

«Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով Իրանի մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»,- նշված է հաղորդագրությունում։

Իրանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։