Ներկա ԲԴԽ-ի առաջադրած դատավորների դեպքում գործելու է «թունավոր ծառի պտուղների» կանոնը․ «Հայաստան» դաշինք

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության վերաբերյալ։ Ընդդիմադիր խմբակցությունը կարծում է, որ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակ ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության դեպքում «կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը:

Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռևս չի ենթարկվել:

Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռևս նման անդամ-նախագահի պաշտոնակատարի կողմից փաստում է արդեն իսկ նման կարևոր իրավական գործընթացի հեղինակազրկումը:

Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի և նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է և ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների և, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հրաժարականի դեպքում երաշխավորում է, որ նրա նկատմամբ որևէ քրեական գործ չի լինի։

Դատախազությունը հայտնել է, որ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով։

Մեկնաբանել