Արցախում հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ

Արցախում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։ Անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի, իսկ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին։

Արդեն պատրաստ է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որ մշակել է Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Սահամանդրական բարեփոխումների հայեցակարգի՝ հավանության արժանալուց հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 1-ի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Երկու հանձնաժողովների նախագահնն էլ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանն է։

Մասնագիտական հանձնաժողովի հիմնական խնդիրն է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը։

ՍիվիլՆեթը զրուցել է Արայիկ Լազարյանի հետ՝ Մասնագիտական հանձնաժողովի կազմի, հանրաքվեի ժամկետի, նորույթի՝ հարցապնդման ինստիտուտի, Սահմանադրությամբ ստեղծված մարմինների ընտրությունների կարգի, դատաիրավական բարեփոխումների, օտարերկրացիների սեփականության իրավունքի և այլ թեմաների մասին։

Մասնագիտական հանձնաժողովը կազմված է տասը անդամից

– Պարոն Լազարյան, նախագահի հունիսի 1-ի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է մինչև օգոստոսի 1-ը ներկայացնի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Ովքե՞ր են հանձնաժողովի մասնագետները։

– Հանրապետության նախագահի նախորդ հրամանագրով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակելու համար նրա կողմից ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Մենք միտումնավոր խուսափել ենք հանձնաժողովը մասնագիտական անվանելուց, որովհետև այդ հանձնաժողովը բաղկացած էր տասը անդամից, ուներ նաև քաղաքական թիմի ներկայացուցիչներ, այսինքն՝ ոչ մասնագետ իրավաբաններ, որոնք պետք է զբաղվեին հայեցակարգի զուտ քաղաքական մասը ձևակերպելով։

Հայեցակարգը հաստատվելուց հետո արդեն գործը մնում է իրավաբաններին։ Դրա համար այս հանձնաժողովը որակվել է որպես մասնագիտական հանձնաժողով։ Քաղաքական ուժերի առաջարկով ընդգրկվել է մեկական իրավաբան։ Այստեղ բոլորը իրավաբան են։ Այսինքն՝ ես ուզում եմ ասել, որ այդ հինգ հոգին, թող ներեն ինձ, այնպես չէ, որ միայն իրենք են որակ հաղորդում հանձնաժողովին։ Եթե ձևակերպենք՝ այդ հինգ հոգին խմբակցությունների մեկական ներկայացուցիչներն են՝ իրավաբան-ներկայացուցիչներ։ Քանի որ խմբակցությունների մեկական անդամներից բացի մյուս անդամները իրավաբաններ էին, ստացվել է տասը իրավաբան։

Երևի ընտրենք հայեցակարգի հանրային քննարկման ֆորմատը

– Սահմանադրական բարեփոխումների գործընթացի փուլերը ինչպես կնկարագրեք։ Ի՞նչ պետք է տեղի ունենա։

– Մեր առաջնային խնդիրը մինչև օգոստոսի 1-ը սահմանադրական բարեփոխումերի նախագիծը մշակել և Հանրապետության նախագահին ներկայացնելն է։ Նախագահի հրամանագրով մենք լիազորություն ունենք նաև աշխատանքային խմբեր ստեղծելու՝ այս կամ այն հարցերը ավելի օպերատիվ և անմիջական մթնոլորտում լուծելու համար։

Մենք երեք իրավաբանից բաղկացած աշխատանքային խումբ ենք ստեղծել՝ Հանձնաժողովի որոշմամբ, որը զբաղվում է բուն Սահմանադրության նախագծի տեքստը խմբագրելով, մշակելով։ Սահմանադրության նախագիծը սահմանված ժամկետում դնելու ենք սեղանին։ Այնուհետև այն անցնելու է հանրային քննարկման փուլ։ Երևի ընտրենք հայեցակարգի հանրային քննարկման ֆորմատը։ Տեղադրելու ենք կայքում և առաջարկություններ ներկայացնելու ժամկետ սահմանենք։

Այդ նախագիծը ներկաայցվելու է նախագահի քննարկմանը և հաստատմանը։ Եթե այն հավանության արժանանա, նախագահի հրամանագրով նախաձեռնվելու է հանրաքվե։ Դա նշանակում է, որ ինքը գրությամբ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ուղարկելու է Ազգային ժողով։ Ազգային ժողովում քննարկումը տևելու է մոտ մեկուկես ամիս։ Այն անցնելու է երկու ընթերցում, որից հետո՝ մինչև վերջնական քվեարկություն և հանրաքվեի դնելը, նախագիծը ուղարկվելու է Գերագուն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։ Եթե Գերագուն դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, Ազգային ժողովում դրվելու է քվեարկության՝ այն հանրաքվեի դնելու համար։ Հանրաքվեն Ազգային ժողովի որոշման ընդունման պահից 55-60-օրյա միջկայքում պիտի անցկացվի։

– Ձեր պատկերացմամբ, հանրաքվեն ե՞րբ տեղի կունենա։

– Դեկտեմբերից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածում։

Կառավարման և հարցապնդման ինստիտուտի մասին

– Ինչպես հայտնի է, կիսանախագահական համակարգի դեպքում խորհրդարանի դերը փոխվում է․ այն օրենսդիր մարմին լինելուց բացի՝ կառավարության ձևավորմանն է մասնակցում։ Ինչպե՞ս է մեր խորհրդարանը մասնակցելու կառավարության ձևավորմանը:

– Սահմանադրության նախագիծը հայեցակարգին համահունչ մշակելուց հետո, ընդունվելու պարագայում, խորհրդարանի գործառույթն է լինելու Կառավարության կառուցվածքի սահմանումը՝ Հանրապետության նախագահի կամ Կառավարության ներկայացմամբ։ Ի տարբերություն ներկայի, երբ նախագահն է սահմանում կառավարության կառուցվածքը, խորհրադարանը օրենքով հաստատելու է առաջարկված կառուցվածքը։ Երկրորդ, խորհրդարանը էական դեր է ունենալու վարչապետի նշանակման և ըստ այդմ՝ վարչապետի առաջարկությամբ նախարարների նշանակման գործընթացում։ Այսինքն՝ նախագահը վարչապետին նշանակելու է՝ խորհրդակցելով խմբակցությունների հետ։

Հաստատելու է բյուջեն, լսելու է բյուջեի կատարման հաշվետվությունները, կարողանալու է արդեն հարցապնդման արդյունքում նախագահին անվստահության հարց դնել։ Մեր իրավակարգավորումների մեջ այսպիսի գործառույթը նորություն է։

– Ի՞նչ է հարցապնդումը։ Ինչպե՞ս է տեղի ունենալու անվստահության հայտնումը։

– Հարցապնդումը հանրային վերահսկողության մի ձև է, որը նաև գործող Սահմանադրությունում կա։ Հարցապնդումը հարցուպատասխանի խորացված տարբերակն է, այսինքն` եթե գրավոր կամ բանավոր հարց ես ուղղում գործադիր իշխանությանը, որևէ լիազոր պատասխանում է, պատգամավորը կամ խմբակցությունը իրավունք ունի այդ հարցապնդման նյութի պատասխանը քննարկել Ազգային ժողովի նիստում։ Սա մի փոքր այլ ֆորմատ է։ Այդ հարցապնդման արդյուքներով կարող է դրվել քվեարկության պատասխանը տվող՝ նախարարի կամ լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնավարման հարցը։ Եթե որոշումը՝ նախարարի անվստահության հայտնման հարցը քվոտայով ընդունվի, ուղղարկվելու է նախագահին, իսկ նա որոշում է կայացնելու՝ ընդունում է Ազգային ժողովի առաջարկը այս կան այն նախարարին պաշտոնից ազատելու, թե ոչ։ Դա խորհրդարանական վերահսկողության ձև է։

Սահմանադրությամբ ստեղծված մարմինների ընտրությունների կարգը

– Ինչո՞վ է պայմանավորված Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների թեկնածուների առաջադրման իրավունքը նախագահին վերապահելը։

– Դա զուտ կապված է կառավարման ձևի հետ։ Հիմա գործող կարգավորումները ներդաշնակ են նախագահական կառավարմանը։ Կիսանախագահական կառավարման համակարգում որոշակի պաշտոնատար անձանց նշանակման կամ թեկնածուների առաջարկման պրակտիկա կա և ընդունված ձևեր:

– Այստեղ ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքներ չկա՞ն։

– Ո՛չ։ Միևնույն է՝ վերջնական որոշումը կայացնելու է նույն խորհրդարանը, պարզապես թեկնածուների առաջադրման իրավունքն է փոխվում։ Մնացած ոչինչ չի փոխվում։

Դատարանների անկախությունը չի՞ խաթարվելու

– Սահմանադրության մեջ ի՞նչ դատաիրավական բարեփոխումներ են նախատեսված։

– Հայեցակարգում մենք ներառել ենք մի քանի թեզ, որոնք իրենց ամրագրումն են ստանալու սահմանադրության նախագծում։ Նախ, բոլոր ատյանների դատարանների նախագահները նշանակվելու են ժամկետով։ Ինչպես գիտենք, գործող Սահմանադրությամբ այդ նորմը իմպերատիվ չէ և թողնված է օրենսդիրի հայեցողությանը (կարող է նշանակվել ժամկետով)։ Մենք հիմա գրելու ենք ժամկետով, հավանական է, որպես օրինակ, հիգն տարի ժամկետով։ Երկրորդ, դատավորների նշանակման ընթացակարգն է փոխվելու՝ անցում ենք կատարելու նախկինում մեր պրակտիկային՝ այսինքն Գերագույն դատարանի դատավորները կամ անդամները նշանակվելու են Ազգային ժողովի կողմից, մյուս երկու ատյանների դատավորները և դատարանների նախագահները Հանրապետության նախագահի կողմից։

Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման հետ կապված որոշակի փոփոխություններ ենք մտցնելու՝ հաշվի առնելով, որ արդեն թեկնածուն առաջադրվելու է Կառավարության կողմից։ Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած է լինելու յոթ անդամից՝ ներկայիս հինգ անդամի փոխարեն, և Գերագույն դատարանի նախագահը ի պաշտոնե, առանց ձայնի իրավունքի, ղեկավարելու է Բարձրագույն դատական խորհուրդը։

Շատ խորը բարեփոխումներ չեն նախատեսված։ Եթե ամփոփենք, առաջինը նշանակման կարգն է փոխվելու, դատարանանների նախագահների պաշտոնավարումը ժամկետով է լինելու, մեկ էլ՝ Բարձրագույն դատական խորհրդի մոդելն ենք փոխելու։

– Ասացիք, որ նախագահն է նշանակելու Առաջին և Վերաքննիչ ատյանի դատավորներին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Արդյոք սա խոչընդոտ չէ՞ իրական ժողովրդավարությանը, երբ նախագահն է նշանակում դատավորներին։

– Ո՛չ, դա ժողովրդավարության նորմերին ու կանոններին համահունչ է։ Հանրապետության նախագահը նախագծով լինելու է պետության գլուխը, հետևելու է Սահմանադրության պահպանմանը, իշխանության թևերի հավասարակշռության պահպանմանը, նա այդ իշխանությունների երեք թևերից անդին պետության գլուխն է։

– Կամ ուրիշ կերպ հարցը տամ՝ արդյոք դատարանների անկախությունը չի՞ խաթարվի այդ դեպքում։

– Ո՛չ, չեմ կարծում, որ դա ազդելու է։ Ավելին՝ մենք ունեցել ենք նման պրակտիկա, և դա տարածված պրակտիկա է՝ պետության գլուխը նշանակում է դատական իշխանության անդամներին։

Օտարերկրացիների սեփականության իրավունքի մասին

– Մի կողմից, կարծես, օտարերկրացիները սեփականության իրավունքից չեն օգտվում, մյուս կողմից հայեցակարգում գրված է «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Ի՞նչ բացառությունների մասին է խոսքը:

– Այդ «բացառությունը» սահմանադրությունով կարգավորվող հարց չէ, այլ օրենքով։ Այդ սահմանափակումը, օրինակ, հողի սեփականության իրավունքի օրինակով ասեմ։ Գործող Սահմանադրությունում հողի իրավունքի մասով օտարերկրացիների համար սահմանափակում կա, բայց այնտեղ բացառությունները թողնվում են օրենքներին։ Դրանք տարաբնույթ կարող են լինել։ Հիմա մենք անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակում ենք դրել օտարերկրացիների համար, բայց պատկերացրեք, որ այդ օտարերկրացին հայ է։ Նպատահարմար չե՞ք գտնում, որ բացառություն սահմանենք, և նրանք այդ արգելքի տակ չընկնեն։

– Բայց դա հնարավո՞ր է ինչ-որ ձև կարգավորել։ Արգենտիայի քաղաքացի է, ենթադրենք։

– Եթե փաստաթղթեր է բերում, որ երեք տարի առաջ է Արգենտինայի քաղաքացի դառել, ինքը, ենթադրենք, ամբողջ կյանքը ապրել է Հայաստանում կամ Արցախում, կամ էլ առաջաձորցու թոռ է։

Օրենքը կարող է բացառություն անել, կարող է նաև սփյուռքահային բացառություն անել։ Կարճ ասած՝ խոսքը օտարերկրացի հայի մասին է։ Օտարերկրացի հայի համար հնարավոր է՝ բացառություններ սահմանենք, որ իրենք այդ արգելքի տակ չլինեն։ Սա լավ իմաստով՝ դեկլարատիվ բնույթի նորմերից է։

Մեկնաբանել