Կառավարությունում քննարկել են կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության հնարավորություններին և այլ թեմաների:

«Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումը Կառավարության բացարձակ առաջնահերթություններից է, և այս բնագավառում պետք է գնալ ռազմավարական լուծումների՝ ապահովելով հանրակրթություն – մասնագիտական կրթություն – բարձրագույն կրթություն շղթայի փոխգործելիությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ինտենսիվ շարունակել կրթության ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումները՝ առանցքում ունենալով կրթության բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների ձևավորման և բարձրորակ մասնագիտական համալրվածության խնդիրների լուծումը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել