Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել․ Փաշինյան

Ադրբեջանական կողմը հրաժարվել է այսօր Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպումից, ինչպես նաև չի արձագանքել արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հայկական կողմի առաջարկին։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները։ Նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներ իրար հետ կապի մեջ պետք է լինեն, շփումներ ունեն, որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպեն։ Բայց Ադրբեջանը արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք ունենք երբ բոյկոտել է, այսինքն, չի ներգրավվել աշխատանքին»,- ասաց վարչապետը։

Ադրբեջանից հնչող հայտարարություններից հետո, Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա արտգործնախարարների միջև հանդիպում, սակայն ադրբեջանական կողմից պատասխան չի ստացվել։

Վարչապետի տեղեկացմամբ՝ այսօր Բրյուսելում պետք է կայանար Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպմանը մասնակցել։

«Խաղաղության օրակարգը չունի այլընտարնք, բայց դա չի կարող լինել միակողմանի, այլ պիտի լինի հանդիպակաց, կառուցողական շարժում։ Մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք ու անում ենք, որ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացվի։ Դրա այլընտրանքը նոր պատերազմն է»,- նշեց նա։

Հանդիպումներից հրաժարվելով և հրապարակային դրանց մեջ հայկական կողմին մեղադրելով, Փաշինյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել․ «Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների ու մտադրությունների մասին, առավելևս այդ պարագայում մեզ համար սկզբունքային է խաղաղության օրակարգի համբերատար առաջմղումը»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանի իրավական պարտավորությունն է ճանապարհ տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու համար, Փաշինյանը նշեց․

«Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է եղել և շարունակում է այդպիսին մնալ։ ՀՀ-ն շարունակում է լինել մաքսիմալ կառուցողական, բայց մենք տեսնում ենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը։ Բրյուսելում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ սկսում ենք երկաթուղու շինարարությունը և դրանից հետո Ադրբեջանը ըստ էության հրաժարվեց այդ պայմանավորվածությունից։ Դրանից հետո եղավ առաջարկ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրել գրավոր փաստաթղթով, որի նախագիծը ներկայացրել էր ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, հայկական կողմը պատրաստակամություն հայտնեց ստորագրելու, ադրբեջանական կողմը հրաժարվեց այդ փաստաթղթից»։

Փաշինյանը անդրադարձավ նաև հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարվում Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու համար․ «Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը խոստացել էր գերիներ ազատ կարձակվեն, բայց հաջորդ մեր հանդիպմանը արձանագրեցինք, որ այդ խոստումը չի կատարվել»,- ասաց նա։

Մեկնաբանել