Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում փոքր քայլերով առաջ գնալու հնարավորություն է տեսնում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «փոքր քայլերով առաջ գնալու» հնարավորություն է տեսնում։ Հունիսի 27-ին հրավիրած առցանց ասուլիսին նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-թուրքական կարգավորման մասին։

«Տեսնում ենք, որ ուղիղ ավիաչվերթները վերականգնվել են, բայց հասկանում ենք, որ դա նախկինում էլ է եղել, ու մենք հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ նախկինում անգամ բարձր մակարդակով Հայաստանի ու Թուրքիայի միջև փաստաթուղթ է ստորագրվել, փոխայցեր են եղել, շփումներ են եղել, բայց դա որևէ կարգավորման չի հանգեցրել։

Հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, Փաշինյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ ճշտումների մեջ են։

«Թուրքիայի կողմից «Զանգեզուրի միջանցքի» հիշատակումները նեգատիվ ֆոն են ստեղծում ու օգտակար չեն պրոցեսի համար, բայց դա չի նշանակում, որ մենք դադարցնելու ենք երկխոսությունը»,- պատասխանեց Փաշինյանը։

Մեկնաբանել