Լաչինի միջանցքի գործող երթուղին կփոխվի․ Փաշինյան

Նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերի համաձայնությամբ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն։

«Մենք այս ընթացքում քննարկումների մեջ ենք եղել և երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են։ Նախնական համաձայնություններ ձեռք են բերվել և այդ փոփոխության նպատակը ԼՂ-ի և Հայաստանի համար ավելի հուսալի ամուր, ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հիմնական աշխատանքային քննարկումները ռուսական կողմի հետ են, քանի որ «միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»։

«երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն նոր երթուղու նկատմամբ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի հայտնեց, որ այս փուլում դեռևս նախագծման աշխատանքներն են տարվում։

Երթուղու փոփոխության դեպքում Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ։ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն»։

Մեկնաբանել