Ջհանգիրյանի ձայնագրությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների պրոցեսը, կարծում է Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է այն կարծիքը, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների ամբողջ պրոցեսը։

«Կարծում եմ՝ մտահոգիչ է»,- այսօր՝ հունիսի 27-ին, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը նկատում է, որ ձայնագրությամբ «Ռուբեն Վարդազարյանի հետ կապված էլ խնդիրներ կան»։

Նրա կարծիքով՝ հրապարակված ձայնագրությունը պատշաճ քննության կարժանանա։

«Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը դատական համակարգն է, որ այստեղ իրական հաջողություններ չունենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

***

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հրաժարականի դեպքում երաշխավորում է, որ նրա նկատմամբ որևէ քրեական գործ չի լինի։

Դատախազությունը հայտնել է, որ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով։

Մեկնաբանել