Արկադի Ղուկասյանը և Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել են ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում

Արկադի Ղուկասյանը և Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել են ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) հոգաբարձուների խորհրդի կազմում։ Այս մասին Սիվիլնեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Հիմնադրամից։

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, ըստ գործող կանոնադրության, պետք է կազմված լինի 37 անդամից, սակայն 8 հոգաբարձուի տեղը թափուր է։

«Արկադի Ղուկասյանը և Ռոբերտ Քոչարյանը համաձայն չեն լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը տվել է իր համաձայնությունը՝ ընդգրկվելու հոգաբարձուների խորհրդի կազմում։ Այն է՝ փաստացի 29 անդամ, 8 թափուր մանդատ։ Խորհրդի կազմը հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է»,- նշված է Հիմնադրամի պատասխանում։

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը, որին չէր մասնակցել Հայաստանի երկրորդ նախագահ, ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է, որ «նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»։

Խոսքը 44-օրա պատերազմի ժամանակ հավաքագրված միջոցների մասին է, երբ ավելի քան 52 միլիարդ դրամ փոխանցվեց պետական բյուջե։ Հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են կառավարության, եկեղեցական, կուսակցական, հասարակական և բարեգործական կառույցների ներկայացուցիչներ: Խորհուրդը հրավիրում է տարեկան ժողով, որին մասնակցում են հոգաբարձուները, տեղական մարմինների և գործադիր վարչության ներկայացուցիչները: Ժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվում են տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, ֆինանսական հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի և միջազգային աուդիտորական ընկերության եզրակացությունները: Խորհուրդը քննարկում և հաստատում է հաջորդ տարվա ծրագրերը:

Մեկնաբանել