ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք։

«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2 մլն դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու և «Վոթսափ» հավելվածով ուղարկելու, ինչպես նաև նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ»,- ասված է հաղորդագրությունում։

Զինծառայողը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ ցմահ ազատազրկում»,- հայտնում են ԱԱԾ-ից։