Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը․ ԱՄՆ պետդեպարտամենտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի էջում տեղադրված հայտարարությունում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքի շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 24-ին Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ Դրանից առաջ՝ 2021-ի ապրիլին պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

«ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը, և մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Հարցին՝ ԱՄՆ-ն պատրաստ է այս հարցում համագործակցել ՌԴ-ի հետ, Դոնֆրիդը պատասխանել էր․ «Այո, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությանն արձագանքել էր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ «եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը»։

«Նրանք ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանել