Միրզոյանը Հունաստանի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության խորացման հնարավորությունները

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։

Հայաստանի արտգործնախարարը և Հունաստանի նախագահը քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում հայ-հունական փոխգործակցության խորացման հնարավորությունները։

«Արարատ Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Արարատ Միրզոյանը նաև կարևորել է Հունաստանի աջակցությունը հայ ժողովրդին 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և առանձնանում դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցությամբ: Նշվել է վերջին շրջանում պաշտոնական շփումների ու փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը ՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգը շարունակաբար հարստացմանը: