Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հունիսի 27-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։

Ադրբեջանական կողմի պատասխանում ասվում է, որ Փաշինյանի հայտարարությունները «կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման» հարցում Հայաստանի ձգտումը․ «Եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանար, ապա չէր ներկայացնի (խաղաղության պայմանագրի – խմբ․) հիմնարար սկզբունքները»։

«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե ժամանակ վատնի ձևաչափը վերականգնելու (ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը – խմբ․), որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի մասնակիցներն այժմ բացահայտ ընդունում են դրա գործելու անհնարինությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեկ էր, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպմանը։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից այս հայտարարության առնչությամբ նշում են․ «Եթե սկսենք թվարկել հետպատերազմական փուլում միջազգային միջնորդների մասնակցությամբ մինչ այժմ առաջարկված և տարբեր պատրվակներով Հայաստանի կողմից խաթարված, ինչպես նաև դրանց սկսվելուց 1-2 ժամ առաջ հայկական կողմի իրականացրած սադրանքների պատճառով հետաձգված հանդիպումները, ապա ցուցակը շատ երկար է լինելու»։

***

Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նույն օրը Բրյուսելում պետք է կայանար Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանը, Փաշինյանի խոսքով՝ նաև չի արձագանքել արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հայկական կողմի առաջարկին։

Հանդիպումներից հրաժարվելով և հրապարակային դրանց մեջ հայկական կողմին մեղադրելով, Փաշինյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել․ «Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների ու մտադրությունների մասին, առավելևս այդ պարագայում մեզ համար սկզբունքային է խաղաղության օրակարգի համբերատար առաջմղումը»։