Ինչ է ասում օրենքն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահների պաշտոնանկության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է սկսել ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնանկության։ Այս տեղեկությունը հաստատել են իշխող խմբակցությունից։

Ազգային ժողովի նախագահի տեղակալների հետ կանչելու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ըստ որի՝ «Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (149-րդ հոդվածի 3-րդ մաս)»:

Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին «Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը»:

Ի դեպ, Իշխան Սաղաթելյանին փոխարինելու է կրկին ընդդիմության թեկնածուն, քանի որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից (137-րդ հոդվածի 3-րդ մաս):

Մամուլը գրում է, որ ՔՊ-ն պատրաստվում է պաշտոնանկ անել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (Հոդված 150): Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։

Իշխող ուժը քննարկում է նաև ընդդիմադիր մի քանի պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցը։ Այս դեպքում այլ կարգ է գործում՝ ավելի բարդ։

Օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում…. սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»։ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն էլ՝ դատարանը որոշումը հրապարակում է լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո (79-րդ հոդվածի 9-րդ մաս):

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել