Երևանին և Բաքվին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Դա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ»,- նշել է Գրիգորյանը։

Ըստ Հայաստանի փոխվարչապետի՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և հետագա օգտագործման հետ կապված հարցերը»:

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ: Որոշվել էր երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել։ Ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի վերջին հանդիպումը կայացել է նախորդ շաբաթ՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Մեկնաբանել