Արցախի ԱԱԾ-ն դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել

Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։

«Բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձինք, ինչպես նաև ժամանակին կանխվել են ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունից նշում են, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող Արցախի երեք քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Մյուսի երկու անձանց դեպքում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ հնարավոր հետագա հանցավոր համագործակցությունը կանխվել է։

«Զինծառայողները սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո նրան են տրամադրել մարտական դիրքերի տեղակայման վայրերի, սպառազինության, զինծառայողների թվի վերաբերյալ տվյալներ։ Նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար գումար, մնացածն իրենց խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել»,- տեղեկացնում է Արցախի ԱԱԾ-ն։

Մեկնաբանել