Ռուսաստանի արտգործնախարարի ադրբեջանահաճո բառապաշարը և դրա հիմնական պատճառները

Հունիսի 23-24-ը պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Լավրովը որոշ խնդրահարույց հայտարարություններ է արել՝ փաստացիորեն կրկնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ:

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին՝ Լավրովը, մասնավորապես, նշել է. «Որպես այդպիսին՝ Մինսկի խումբը չենք քննարկել, որովհետև այն ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը:

Մենք քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները: Այդ նոր գործընթացների համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների երեք եռակողմ հայտարարությունները: Ըստ էության, 2020թ․ սեպտեմբերի, հոկտեմբերի և նոյեմբերի դեպքերից հետո բոլոր առաջարկները, որոնք գոյություն ունեին և երկար տարիներ քննարկվում էին՝ առանց նկատելի արդյունքների, ինչպես ասում են, կորցրել են արդիականությունը իրադարձությունների բերումով: Գետնի վրա տեղի ունեցած դեպքերը թողել են այդ փաստաթղթերն անցյալում: Դա օբյեկտիվ իրականություն է»:

Լավրովը հավելել է նաև, որ Մինսկի խմբի և դրա մշակած առաջարկների վերջնական նպատակը Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների ազատագրումն է եղել, ինչպես նաև Ղարաբաղի կենսագործունեության հետ կապված հարցերի լուծումը:

Ինչպես տեսնում ենք, Լավրովը հերթական անգամ կրկնել է այն դիրքորոշումը, որ Մինսկի խումբը այլևս գոյություն չունի: Լավրովի մյուս հայտարարությունները, սակայն, է’լ ավելի խնդրահարույց են: Նա Բաքվում փաստացիորեն ընդունել է բանակցային ողջ գործընթացն ու ժառանգությունը ուժային ճանապարհով ոչնչացնելու և նոր իրողություններ ստեղծելու Ադրբեջանի իրավունքը: Հետաքրքրական է նաև, որ Լավրովը կրկնել է ադրբեջանական պաշտոնական խոսույթը այն մասին, որ մինչև պատերազմը ընթացած բանակցությունները շոշափելի արդյունքներ չէին տալիս: Սա ևս Ադրբեջանի ռազմական ագրեսիան արդարացնող պատում է:
Իսկ Լավրովի պնդումը այն մասին, որ Մինսկի խմբի կողմից մշակված առաջարկների վերջնանպատակը Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձն էր Ադրբեջանին, հակասում է նույն Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչների կողմից վերջին շրջանում հնչեցված հայտարարություններին:

Այսպես, դեռևս 2021 թվականի հունվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Իգոր Պոպովը արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ 44-օրյա պատերազմից առաջ բանակցային սեղանին դրված ռուսական առաջարկներով նախատեսվում էր միայն յոթ շրջանների վերադարձը Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին որևէ խոսք չկար:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված՝ Պոպովի պատասխանում նշվում էր, որ ռուսական առաջարկներով առաջին փուլում Ադրբեջանին էր վերադարձվում հինգ շրջան, իսկ մյուս երկու շրջանի վերադարձը փոխկապակցված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցի հետ: Պոպովը նշել էր նաև, որ այդ առաջարկներով Լեռնային Ղարաբաղին դե ֆակտո միջանկյալ կարգավիճակ էր տրամադրվելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը որոշվելու էր համաժողովրդական քվեարկության միջոցով:
Այսինքն, դեռևս տարիուկես առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հարկ էր համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ իրենց տեսանկյունից մինչպատերազմական բանակցային բովանդակությունը աղավաղող հայտարարությանը, իսկ այսօր արդեն Լավրովն է կրկնում Փաշինյանի 2021 թվականի պնդումը:

Սերգեյ Լավրովի վերոնշյալ հայտարարությունները լսելիս անհնար է չնկատել նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարը այդ ասուլիսի ընթացքում կրկնում է ոչ միայն ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումները մի շարք կարևոր հարցերի շուրջ, այլև օգտագործում է հակամարտության վերաբերյալ ադրբեջանական եզրութաբանությունը: Այսպես, Լավրովը խոսում է հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացի մասին: Այսինքն, ընդունում է Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ հակամարտությունը ավարտված է: Լեռնային Ղարաբաղի փոխարեն օգտագործում է Ղարաբաղ տեղանունը: Եվ նույնիսկ խոսում է ոչ թե յոթ շրջանների վերադարձի, այլ ազատագրման մասին:

Բաքվում Ռուսաստանի արտգործնախարարի կողմից նման հայտարարությունների ու ձևակերպումների օգտագործումը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այս փուլում Ռուսաստանի համար չափազանց կարևոր է Ադրբեջանի լոյալությունը: Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Մոսկվայի համար առաջնահերթություն է դարձել Ադրբեջանի պես երկրների հետ համագործակցությունը ու բարենպաստ հարաբերությունների պահպանումը: Այդ առումով Լավրովի այսօրինակ շեշտադրումները կարելի է համարել Բաքվին սիրաշահելու ու չգրգռելու փորձ:

Ռուսաստանի մոտեցումները ադրբեջանական դիրքորոշումներին մերձեցնող մեկ այլ հանգամանք է Մոսկվայի ցանկությունը սահմանափակել արևմտյան ազդեցությունը Հարավային Կովկասում: Այդ առումով Ռուսաստանը հարկ է համարում ընդգծել, որ առնվազն հայ-ադրբեջանական համատեքստում բոլոր գործընթացները պետք է ընթանան իր կողմից միջնորդված եռակողմ հայտարարությունների տրամաբանության ներքո: Դա ենթադրում է նաև մինչև 44-օրյա պատերազմը գոյություն ունեցած ձևաչափերի ու բանակցային սկզբունքների մերժում: