Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են ավտոմայրուղին․ «Իզվեստիա»

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ պայմանավորվել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային մայրուղու շուրջ, գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ կայքի՝ մայրուղին անցնելու է Արաքս գետի երկայնքով։

«Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց՝ անցյալ տարվա աշնանը պայմանավորվել են երկաթուղային ճանապարհի շուրջ։ Երևանում ավտոմոբիլային մայրուղու հարցում երկար դադար էին վերցրել։ Սակայն փոխվարչապետները հունիսի 3-ի հանդիպման ժամանակ կարողացել են համաձայնեցնել ապագա մայրուղու երթուղին՝ բացառությամբ 6 կմ հատվածի: Այնտեղ լեռներ են, և ռուս փորձագետներն տեղում են, որպեսզի պարզ ինժեներական լուծում առաջարկեն»,- նշել է «Իզվեստիայի» աղբյուրը:

Օգտագործվելու են հին խորհրդային ճանապարհները, որոնք մեծամասամբ պահպանվել են։ Ճանապարհը բացակայում է միայն Նախիջևանի և Հայաստանի սահմանի 6 կիլոմետրանոց հատվածում, որի շուրջ քննարկումները շարունակվում են։

Կայքը աղբյուրը նշել է, որ հայկական կողմը արագացրել է ավտոմայրուղու շուրջ բանակցային գործընթացը այն բանից հետո, երբ այս տարվա մարտին Բաքուն Թեհրանի հետ Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու հուշագիր ստորագրեց։

Մեկնաբանել