Սոնա Մնացականյանի հարազատները պնդում են՝ գործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից ապրիլի 26-ին մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։

«Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաև էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ մասով իր առարկություններն ու եզրակացությունը դատախազն արդեն կալանքի վերաբերյալ նիստին ներկայացրել է դատարանին։

Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում. «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ որևէ ապացույց այս գործով չի ոչնչացվել։

Վարորդի փաստաբանը համոզմունք հայտնեց, որ դեպքի վայրից փախուստ չի եղել։ Ճշտող հարցին ի պատասխան, թե հրապարակված տեսագրությունում երևում է՝ ինչպես է հարվածից հետո մեքենան լքում դեպքի վայրը, Բալոյանը նոր մանրամասներ հայտնեց։

«Հաջորդ տեսախցիկով երևում է, թե նա ինչպես է կանգնում, նա ազատ տեղ է գտնում՝ հաշվի առնելով, որ հետևից 15 մեքենա է գնում։ Ինքը 60-70 մետր վերև է բարձրանում, աջ կողմում ազատ տեղ է գտնում ու կանգնում է»,- ասաց փաստաբանը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք շտապել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը։ – Այդ ընթացքում, որ շարասյունն անցնում է, ռադիոկապով լսում է, թե շտապ օգնություն են կանչել։ Դա հաշվի առնելով՝ նա բարձրանում է վերև՝ «Նաիրի» ԲԿ-ի դիմաց կանգնում է, որտեղից տեսանյութ կա, շտապ օգնության մեքենան բերում է ու աղջկան մտցնում հիվանդանոց։ Նա ԲԿ-ի բժիշկների հետ է խոսում ու ասում՝ ամեն ինչ արեք, աղջկան փրկեք»։

Ըստ փաստաբանի՝ կողմն ամեն ինչ արել է, որ հաշտության գնա տուժողի ընտանիքի հետ, սակայն ապարդյուն․ նրանք չեն արձագանքել։ Բացի այդ, Բալոյանը կարծիք հայտնեց, թե այս գործը քաղաքականացվում է։

Գործի շրջանակներում, ըստ պաշտպանի, ձեռք է բերվել նաև մեկ այլ տեսանյութ. «Այդ տեսանյութում երևում է, որ Սոնայի դիմացով գնացող մի աղջիկ արագ ազատում է ճանապարհը, մինչդեռ տուժողը պտտված կարգավորող տեսուչի ուղղությամբ, ձեռքերը վեր բարձրացնելով ինչ-որ վրդովված բան է ասում, մենք կարծում ենք, որ այս իրավիճակում նա շեղվել է երթևեկությունից, բացի այդ տեսուչի պահանջները չի կատարել, քանի որ վերջինս ասել է «Կանգնե՛ք»։ Եթե Սոնան չրշջվեր դեպի տեսուչը, ինչ-որ բան չասեր, հետո հետ չգար, այս ամենը չէր լինի։ Մեր կարծիքով, այս ամենը վրաերթի պատճառ է հանդիսացել»,- նշեց փաստաբանը։

Տուժողի ներկայացուցչի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը այս բոլոր խոսակցությունները «կենցաղային բնույթի է համարում»։

«Կառավարության որոշումները, Վիեննայի կոնվենցիան և այլ իրավական ակտեր այս ամենը հստակ կարգավորում են։ Կոնկրետ կարգավորումն ու ուղեկցումն իրականացվում են համապատասխան նորմերով։ Ինչ վերաբերում է փախուստի հանգամանքին, ապա պետք է տեղեկացնեմ, որ հուլիսի 1-ից այդ հոդվածը ապաքրեականացվելու է, հետևաբար այլևս չի լինելու մեղադրյալի մեղադրանքի ծավալում, այնպես որ այս պահին այն քննարկելն էլ անիմաստ է»,- ասաց փաստաբանը։

Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ խաչմերուկ մուտք գործելու ու հարվածի պահին մեքենայի արագությունը եղել է մոտ 108 կմ/ժ, բայց չի պարզաբանվել, թե որքան է արագությունը նախքան այդ։ Տվյալ դեպքում թույլատրելի արագությունը, ըստ կողմերի, ՃՈ ուղեկցող մեքենաների համար 100 կմ/ժ-ն է։

Ապրիլի 26-ին վարչապետին ուղեկցող ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցավ ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Ուղեկցող մեքենաներից մեկը Լեո-Պարոնյան խաչմերուկում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի ենթարկեց 28-ամյա հղի կնոջ։ Գործով ձերբակալվեց ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, որը երկու ամիս անց ազատ արձակվեց։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել