Լաչինի միջանցքի նոր երթուղին

լաչինի միջանցք

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքում նոր ավտոերթուղի պետք է կառուցվի, որից հետո ներկա ճանապարհի մի մասը և դրա հարակից տարածքը պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողությանը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ի մի է բերել նոր ճանապարհի մասին եղած տեղեկությունները։

Ճանապարհի կառուցումն Ադրբեջանը սկսել է

Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու կառուցման մասին հրապարակայնորեն սկսեց խոսվել այս տարվա հունվարին, երբ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը հրապարակեց լուսանկար, որում երևում էր ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր երթուղու սկիզբը և Հագարի գետի վրա կառուցվող նոր կամուրջը։

Կոռնիձորի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին (մինչև պատերազմը՝ Քաշաթաղի (Լաչինի) շրջան)՝ Հագարի գետի վրա կառուցվող կամուրջը այս տարվա հունվարին։

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Կոռնիձորի շրջակայքից՝ Հայաստանի սահմանից, նոր երթուղու կառուցումը սկսել է դեռ 2021-ի աշնանը, սակայն աշխատանքները մեծ թափ են ստացել այս գարնանը։

Չնայած նոր ճանապարհի կորրդինատները հրապարակված չեն, սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ կառուցվող ճանապարհն անցնելու է Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի միջով և միանալու է ներկայիս ճանապարհին․ լայնածավալ հողային աշխատանքներ են արվել Սյունիքի սահմանից մինչև Մեծ Շեն ընկած հատվածում։

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանից մինչև Մեծ Շեն նոր ճանապարհի կառուցման աշխատանքերը (աղբյուրը՝ sentinel-hub.com

Ադրբեջանի ավտոճանապարհների պետական ​​գործակալության ղեկավար Սալեհ Մամադովը ապրիլին հայտարարել էր, որ ճանապարհը կշահագործվի 2022-ի հուլիսին։

ՍիվիլՆեթի Ստեփանակերտի թիմը հունիսի սկզբին նկարահանել էր ադրբեջանցիների կողմից կատարվող ճանապարհաշինական աշխատանքները Հին Շեն և Մեծ Շեն գյուղերում։

Հետագայում արդեն, ենթադրվում է, որ նոր ճանապարհը պետք է շրջանցի նաև Շուշին։ Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի՝ նոր ճանապարհն անցնելու է Լիսագոր, Զառսլու, Ղայբալիշեն (Ղայբալու) բնակավայրերով և Ստեփանակերտ է մտնելու Կրկժան թաղամասով։

Քարտեզում կարմիրով նշված է գործող Տեղ-Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը։ Կանաչով նշված է Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն հատվածը, իսկ դեղինով Շուշին շրջանցող ճանապարհի ենթադրվող երթուղին։

Հայաստանը դեռ սպասում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսում խոսեց այս ճանապարհի մասին և հայտարարեց, որ Հայաստանի տարածքում ճանապարհաշինական աշխատանքներ դեռ չեն իրականացվել։

«Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներն ենք սկսել և երբ որ ըմբռնում լինի վերջնական […], որ մենք մեր նպատակին հասնում ենք, այսինքն՝ ավելի արագ և ավելի որակյալ ճանապարհ պիտի ունենանք՝ լիարժեք ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, այո՛, կգնանք նման լուծումների»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև պնդեց, թե երթուղու փոփոխության նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար ավելի հուսալի, ամուր և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է։

Ըստ վարչապետի՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է, և ինքը Ռուսաստանում բարձրագույն մակարդակով ստացել է հավաստիացումներ, որ այդպես էլ կլինի նոր երթուղու դեպքում։

Բերձորի և Աղավնոյի բնակիչները կլքեն իրենց տները

Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լաչինի միջանցքի այն բոլոր տարածքները, որոնք չեն եղել նախկին ԼՂԻՄ-ի մաս, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։ Այսինքն՝ այն բոլոր տարածքները, որոնք չեն մտնում 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի նոր երթուղու մեջ, փոխանցվելու են Ադրբեջանին։ Սա մասնավորապես վերաբերում է Բերձոր (Լաչին) քաղաքին և Աղավնո գյուղին։

Աղավնո գյուղը

Պատերազմի ավարտից հետո Բերձորի բնակիչների մեծ մասը լքեց գյուղը անվտանգության շուրջ եղած անորոշության պատճառով։ Ըստ «Հետքի»՝ 2021-ի փետրվարի դրությամբ գյուղի բնակչությունը կազմում էր 100-120 մարդ, երբ մինչև պատերազմը այն 2 000 բնակիչ ուներ։ Աղավնո և Ներքին Սուս գյուղերում նախորդ տարվա դրությամբ բնակվում էր, համապատասխանաբար 40 և 30 մարդ։

Ըստ Փաշինյանի՝ այսօր Բերձորում ընտանիքներ չեն բնակվում, և նրանց խնդիրները Հայաստանի կառավարության որոշումներով լուծվում են, իսկ Աղավնոյի բնակիչների խնդիրները կլուծվեն Արցախի կառավարության միջոցներով։ Հարցին, թե ինչ է սպասվում Ներքին Սուս բնակավայրին, Փաշինյանն ասաց, որ տեղեկություններ չունի, և այդ հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։

Բայց հաշվի առնելով, որ Ներքին Սուսը գտնվում է Բերձորի հարևանությամբ և նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս, այն ամենայն հավանականությամբ ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը։

Մեկնաբանել