Կանադան Հայաստանում դեսպանություն կբացի

կանադա

Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում, այս մասին Թվիթերի իր էջում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Դա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։ Քանի որ կայունությունն ու անվտանգությունն ապահովող կանոնները վիճարկվում են, Կանադան կաշխատի՝ հանուն գլոբալ խաղաղության և ժողովրդավարության պաշտպանության»,- գրել է Կանադայի արտգործնախարարը։

Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը ողջունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ «Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է Միրզոյանը։

Հունիսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: Կողմերը արձանագրել էին երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ֊կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կանադական կողմի հետ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ողջունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով: