Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը

Կասպյան երկրների գագաթաժողովի շրջանակում հունիսի 29-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Երկկողմ հարաբերություններից բացի, Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարցեր։

«Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում և առաջին հերթին ՝ կապված Ղարաբաղյան կարգավորման հետ։ Մենք ձեզ հետ այդ մասին խոսել ենք, և հիմա հնարավորություն կլինի նորից խոսել այդ թեմայից»,- ասել է ՌԴ նախագահը։

Ուշագրավ է, որ ի տարբերություն Պուտինի, Ալիևն իր խոսքում չի ընդգծում «Ղարաբաղյան կարգավորում» տերմինը։ Դրա փոխարեն Ադրբեջանի ղեկավարն օգտագործում է «տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում» բառակապակցությունը։

«Այսօր դեռ հնարավորություն կլինի խոսել տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- նշել է Իլհամ Ալիևը։

Մեկնաբանել