Կառավարությունը հավանության է արժանացրել 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը թիրախավորել է 7 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշ։
«Միջնաժամկետում տնտեսական աճի բարձր մակարդակը պայմանավորված կլինի արդյունաբերության և շինարարության ճյուղերի առաջանցիկ աճերով, ինչը համահունչ է կառավարության նպատակադրած արտահանման խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականություններին։ Տնտեսության կառուցվածքում ծառայությունների մեծ դերով պայմանավորված տնտեսական աճին առավել մեծ նպաստում կունենա ծառայությունների աճը»,- նշված է միջնաժամկետ ծախսերի ծրագրում։
Նվազագույն աշխատավարձը 2023-ին 68 000-ից հասնելու է 75 000 դրամի։
2023-ին լրացուցիչ միջոցներ են հատկացվելու հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը։
Ինչպես տեղեկացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանը 2023-ին ուղղելու են 17,3 միլիարդ դրամ։