Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 30-ին, Արցախի Ազգային ժողովում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։

«Աղավնո բնակավայրի հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին չէ, հենց կետում (նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում – խմբ․) գրված է, որ մենք պարտավոր ենք Բերձորից դուրս գալ, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք։ Այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։

«Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»,- նշել է նա։

Հարությունյանի խոսքով՝ նոր երթուղու շինարարական աշխատանքներից հետո արցախյան կողմը հնարավորություն է ունենալու «իր կարծիքն ասել»։

«Առաջին հերթին՝ ճանապարհի որակի առումով՝ համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում։ Երկրորդ՝ լինելո՞ւ է անվտանգ, իսկ իմ կարծիքով շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասել Արցախի ղեկավարը։

***

Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի»։

Երթուղու փոփոխության դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասել էր․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ կառավարության հունիսի 30-ի նիստից հետո լրագրողներին ասել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը քննարկվում են Արցախի գործընկերների հետ․ «Մենք մոտավորապես 1,5 տարի ժամանակ դեռ ունենք և ճանապարհի մասով, և բնակիչների համար լուծումներ գտնելու առումով։ Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»,- նշել է Գրիգորյանը։