Միջանցքային տրամաբանությամբ ճանապարհը բացառվում է, սահմանային վերահսկողություն է լինելու․ ԱԽ քարտուղար

Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ, սահմանային վերահսկողություն է լինելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ. երբ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու: Հայաստանում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ»,- նշել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով` ապաշրջափակումը քննարկվել է և Մոսկվայում, և Բրյուսելում.

«Երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երևանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել և շարունակում է սա մնալ»,- ասել է նա:

Մեկնաբանել