ԲԴԽ-ն մերժել է Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի հարուցումը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է, հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝ հունիսի 30-ին, որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը»,- ասված է հաղորդագրությունում։

ԲԴԽ-ում կարծում են, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։

«Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռուբեն Վարդազարյանը 2021-ի փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022-ի հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

***

Հունիսի 20-ին այդ ժամանակ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ձայնագրությունում խոսվում է «հեռանալու դիմաց քրեական գործեր չհարուցելու» մասին։

Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021-ի փետրվարի 20-ին, երբ իրեն վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մինչև մարտի 1-ը ժամանակ է խնդրել․ «Մինչև այդ ժամկետը հրաժարական տալու դեպքում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ իմ նկատմամբ որևէ քրեական գործ չի լինելու»,- նշել է Վարդազարյանը։

Դատախազությունը հայտնել է, որ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով։

Հունիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել էին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Մեկնաբանել