«Հայաստանի փոքրիկ երգիչները» աղոթք երգեցին Նագասակիում

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր ուղևորությունը Ճապոնիայում: Այսօր երգչախմբի ղեկավարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև`

Շարունակվում է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 40-օրյա ուղևորությունը Ճապոնիայի 18 քաղաքում:

Փայլուն ընդունելության է արժանանում մեր անվանի երաժշտախմբի յուրաքանչյուր համերգ: Դահլիճները լեփ-լեցուն են, բոլոր տոմսերը վաճառված են:

Անգամ օգոստոսի 2–ին, երբ համաշխարհային լրատվամիջոցներն ահազանգում էին Չինաստան և Ճապոնիա շարժվող հզոր թայֆունի մասին, և հրավիրող կողմն անհանգիստ էր վտանգի գոտում գտնվող Միյազակի քաղաքի համերգի ճակատագրով, համերգը չեղյալ չհայտարարվեց։ Համերգը կայացավ, այն էլ՝ լեփ-լեցուն դահլիճով: Ճապոնացի ունկնդիրը բառեր չի գտնում հույզերն արտահայտելու համար: Շատերը համերգներից հետո այնքան են Հայաստանով հետաքրքրվում, որ իրենց հաստատակամ որոշումն են հայտնում այնտեղ մեկնելու:

«Անիրական է, թե ինչ վարպետությամբ եք կարողանում ներկայացնել բարդագույն ստեղծագործությունները և որքան զգացմունքային, ազդեցիկ: Ձեր անզուգական կատարումների շնորհիվ ես տեսա Հայաստանի հիանալի բնությունը: Ձեր երկիրը պիտի որ անհավանական հարուստ մշակույթ ունենա»,- իր տպավորությունն են հայտնում ունկդիրներից մեկը՝ Սայտոո Սատորի:

Հայ երեխաները, ելույթներից բացի, հանդիպումներ են ունենում անվանի մարդկանց, ճապոնացի հասակակիցների հետ, ծանոթանում տեղի բարքերին, ճապոնացի ժողովրդի անցյալին, այցելում թանգարաններ: Հագեցած օրակարգն առանձնանում է զուտ ճապոնական ծայրահեղ ճշգրտությամբ, յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ ցուցաբերած ուշադրությամբ:

Օգոստոսի 9–ին Ճապոնիայում պետական մակարդակով նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նագասակի քաղաքի վրա նետված ատոմային ռումբի պայթյունի զոհերի հիշատակի օրը:

Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաներն այցելեցին ողբերգության զոհերի հիշատակին կառուցված հուշարձան և թանգարան, որտեղ կատարեցին Ալեքսանդր Հարությունյանի «Մանկական աղոթքը»:
Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20 և հայ գրատպության 500-ամյակներին նվիրված այս եզակի շրջագայությունը մոտենում է ավարտին: Առջևում կարևոր 3 ելույթներ են`Կանազավայում, Օսակայի «Սիմֆոնիկ» համերգասրահում և Տոկիոյի հռչակավոր «Օպերա սիթի» դահլիճում:

Մեկնաբանել