Կառավարությունում քննարկել են հողերի խոշորացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը և հողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներին: Քննարկվել են նաև հողերի խոշորացմանը և հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր․ «Կարևորվել է ոռոգման ջրով ապահովված, սակայն չմշակվող հողատարածքների գույքագրումը, հողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացումը»։

«Վարչապետ Փաշինյանը կարևորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, այդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքում: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև պիլոտային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել