Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն․ Արցախի ՄԻՊ

«Այս պահին Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում»։ Այս մասին «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, փոխանցում է «Արցախպրեսը»։

«Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին և հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,- նշել է նա։

Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչներն այն նույն արտոնություններից են օգտվում, որոնք որ սահմանված են տեղահանվածների համար։

«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին շեն և Մեծ շեն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։ Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը։

***

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ ասել էր, որ «նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի»։

Երթուղու փոփոխության դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասել էր․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Արցախի Ազգային ժողովում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։

«Աղավնո բնակավայրի հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին չէ, հենց կետում (նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում – խմբ․) գրված է, որ մենք պարտավոր ենք Բերձորից դուրս գալ, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք։ Այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել»,- ասել էր Հարությունյանը։

Մեկնաբանել