Ուկրաինայում պատերազմի երեք հնարավոր ելք կա․ Հենրի Քիսինջեր

հենրի քիսինջեր

Ուկրաինայում պատերազմի հնարավոր երեք ելք կա, հայտարարել է ամերիկացի վետերան դիվանագետ և պատմաբան Հենրի Քիսինջերը բրիտանական The Spectator հանդեսի հետ զրույցում։

99-ամյա դիվանագետն ասել է, որ երեք հնարավոր ելքն էլ որոշ չափով դեռ հնարավոր են:

«Եթե ​​Ռուսաստանը մնա այն տարածքներում, որտեղ այժմ է՛, ապա նա նվաճած կլինի Ուկրաինայի 20 տոկոսը և Դոնբասի մեծ մասը՝ արդյունաբերական և գյուղատնտեսական հիմնական տարածքը, և Սև ծովի երկայնքով գտնվող հողաշերտը: Եթե ​​այստեղ մնա, դա կլինի հաղթանակ՝ չնայած այն բոլոր անհաջողություններին, որ կրեց սկզբում։ Եվ ՆԱՏՕ-ի դերն այնքան վճռորոշ չի լինի, որքան ենթադրվում էր ավելի վաղ»- ասել է Քիսինջերը:

«Մյուս սցենարն այն է, որ փորձ արվի Ռուսաստանին դուրս մղել մինչ այս պատերազմը ձեռք բերած տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից։ Այս դեպքում պատերազմի շարունակումը հենց Ռուսաստանի հետ պատերազմի հարց կառաջացնի»,- ասել է Քիսինջերը։

Քիսինջերն ասել է, որ երրորդ արդյունքի մասին ինքը խոսել է Դավոսի համաժողովին, և որը, իր տպավորությամբ, ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե Ազատ հասարակությունները [Free People – նկատի ունի ժողովրդավարական երկրները] կարողանան ձախողել Ռուսաստանի որևէ ռազմական նվաճում, և եթե ռազմաճակատի գիծը վերադառնա այն դիրքին, որտեղից սկսվել էր պատերազմը, ապա ներկա ագրեսիան ակնհայտորեն տապալված կլինի: Ուկրաինան կվերակազմավորվի այն ձևով, ինչ սկսել էր պատերազմը 2014-ից հետո: Այն կվերազինվի և սերտորեն կապված կլինի ՆԱՏՕ-ի հետ, եթե ոչ՝ նրա մասը: Մնացած հարցերը կարելի է թողնել բանակցություններին։ Դա կլինի որոշ ժամանակով սառեցված իրավիճակ։ Բայց, ինչպես մենք տեսանք Եվրոպայի դիրքորոշման միասնականության դեպքում, որոշակի ժամանակահատվածում սրան կարելի է հասնել»:

Հարցին՝ արդյոք դա կարող է լինել Հյուսիսային և Հարավային Կորեաների բաժանման իրավիճակի պես, երբ այն արդեն շարունակվում է 70 տարի, Քիսինջերը պատասխանել է․

«Մենք խոսում ենք Ուկրաինայի ընդամենը 2,5 տոկոսի և Ղրիմի մասին, որը ևս 4,5 տոկոսն է և որի առնչությունը տարածաշրջանին տարբերվում է զուտ ուկրաինական գործերից, քանի որ այն ռուսական է եղել հարյուրավոր տարիներ: Ես դատողություն չեմ անի, թե ինչպիսին պետք է լինի բանակցությունների արդյունքը։ Բայց եթե դաշնակիցներին հաջողվի ուկրաինացիներին օգնել դուրս մղելու ռուսներին այն տարածքից, որը նրանք նվաճել են այս պատերազմում, ապա նրա՛նք պետք է որոշեն, թե որքան կտևի պատերազմը»։

Մեկնաբանել