Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:

Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,- նշված է Գևորգյանի Տելեգրամի ալիքում հրապարակված հայտարարությունում։

***

Այսօր՝ հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկեց խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է հանդիսացել մեկ նստաշրջանից ընթացքում նրանց կողմից բացակայությունների մեծ թիվը։ Սաղաթելյանը 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա, իսկ Հակոբյանը՝ 192:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։ «Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել»,– ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նստացույցն ավարտելուց հետո էլ ընդդիմադիրների ԱԺ չվերադառնալուց հետո՝ հունիսի 16-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկում է ընդդդիմադիր որոշ պատգամավորներին մանդատներից զրկելու կամ վարչական պաշտոններից (հանձնաժողովների նախագահներ, ԱԺ փոխնախագահ) հետ կանչելու հարցը։

Ութերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները ղեկավարում էին երեք հանձնաժողով։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ Վահե Հակոբյանը՝ կրկին «Հայաստան» խմբակցությունից։ Ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանն էլ զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը։

Մեկնաբանել