Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։
Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մամիջանյանը։
***
Այսօր՝ հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկեց խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է հանդիսացել մեկ նստաշրջանից ընթացքում նրանց կողմից բացակայությունների մեծ թիվը։ Սաղաթելյանը 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա, իսկ Հակոբյանը՝ 192:
Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։
Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։ «Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել»,– ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նստացույցն ավարտելուց հետո էլ ընդդիմադիրների ԱԺ չվերադառնալուց հետո՝ հունիսի 16-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկում է ընդդդիմադիր որոշ պատգամավորներին մանդատներից զրկելու կամ վարչական պաշտոններից (հանձնաժողովների նախագահներ, ԱԺ փոխնախագահ) հետ կանչելու հարցը։
Ութերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները ղեկավարում էին երեք հանձնաժողով։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ Վահե Հակոբյանը՝ կրկին «Հայաստան» խմբակցությունից։ Ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանն էլ զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը։